Մատչելիության հղումներ

Տիգրան Մուկուչյան․ «Հանրաքվեի համար սա բավականին ակտիվություն է»


ԿԸՀ նախագահի գնահատմամբ, արձանագրված խախտումները չեն ստվերել ընտրությունների ընթացքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ, հանրաքվեի ընթացքում արձանագրված, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից արձանագրված ընտրախախտումների, լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելու փաստերը չեն ստվերել ընտրությունների ընթացքը:

«Որքան ես ծանոթ եմ տեղեկատվությանը, դրանք բոլորն էլ վերաբերում են առանձին էպիզոդիկ դեպքերի և երբևէ դրանցով չի կարելի անել եզրակացություն, որ դրանք ստվերել են քվեարկության ընթացքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահը:

Դեռ դեկտեմբերի 1-ից Երևանի Ազատության հրապարակում իշխանափոխության կոչերով հանդես եկող «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները ընտրություններն անվանվեր ճանաչելու կոչեր են հնչեցնում, քվեարկությունից հետո էլ նրանք երթով շարժվել են դեպի ԿԸՀ, սակայն հանդիպելով ոստիկանության դիմադրությանը՝ ստիպված են եղել կանգնել Մոսկովյան խաչմերուկում: «Ազատության» հարցին՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք տեսնո՞ւմ է, Տիգրան Մուկուչյանը, մասնավորապես, ասաց․ - «Նախ պետք է սկսենք հետևյալից, որ եթե վերջիններս ունեն նման պահանջ, ապա անվավեր ճանաչելու պահանջը պետք է ներկայացվի պատշաճ եղանակով: Նկատենք հետևյալը, որ մի քանի օր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց նաև տեղի են ունեցել ակցիաներ, բայց պետք է նկատել, որ այդ օրերին հանձնաժողովն աշխատել է, բայց նույնիսկ այդ ժամանակ որևէ գրավոր պահանջ հանձնաժողովին չի ներկայացվել: Դրանք ավելի շատ միտինգային կոչեր էին, լոզունգներ, տեսակետներ, բայց իրավական ընթացակարգերը տարրական պահանջ ունեն, որ եթե կա որևէ բողոք կամ պահանջ, դա սահմանաված կարգով պետք է ներկայացվի: Նման դիմում-բողոքներ այդ ընթացքում չեն ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ այսօր ևս հնչել են նման մոտեցումներ, որ կան դիմում-բողոքներ, որոնք փորձում են փոխանցել հանձնաժողովին և էլեկտրոնային քվեարկության ամփոփումից հետո կփորձենք պարզել, եթե ունեն դիմում, այդ դիմումները մուտք կանենք, կընդունենք և սահմանված կարգով կապահովենք դրանց ընթացքը»:

Անդրադառնալով ԿԸՀ-ում ստացված 3 դիմում-բողոքներին, Մուկուչյանը նշեց, որ դրանցից մեկը ստացվել է մի քաղաքացուց, որը «բողոք-հայտարարություն» է, որն ավելի շատ սահմանադրության տեքստի հետ կապված վերլուծություն է:

«Եթե անկեղծ լինենք, նույնիսկ այդ բողոքում հստակ պահանջի ձևակերպումը անգամ շատ դժվար է ընկալել», - նշեց նա:

Երկու հաջորդ դիմումները, Տիգրան Մուկուչյանի խոսքով, վերաբերում էին առանձին ընտրական տեղամասերում իրենց լրագրողական պարտականություններն իրականացնող լրագրողների նկատմամբ տեղի ունեցած օրինախախտումների, երբ խոչընդոտել էին վերջիններիս պարտականությունների իրականացումը: ԿԸՀ նախագահի խոսքով, իրենք կապ են հաստատել դիմումներում հիշատակված լրագրողների հետ և վերջիններս «զարմանք են արտահայտում, թե ինչու է իրենց անունից նման դիմումներ ներկայացվել, որովհետև իրենք մասնակցել են ամբողջ գործընթացին, նշված պահի դրությամբ որևէ իրավունքների խախտում առկա չէ և տարակուսում էին, որ նման դիմումներ են ներկայացվել»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ այնուամենայնիվ, ողջ օրվա ընթացքում լրատվամիջոցներում եղել են բազմաթիվ հաղորդագրություններ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, մասնավորապես՝ ilur.am-ի թղթակցի տեսախցիկը կոտրելու վերաբերյալ, ԿԸՀ նախագահը արձագանքեց․ - «Միանշանակ դրանք երբևէ չի կարելի համարել, որ ողջամիտ վարքագիծ է, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է դա դրսևորվել, և քվեարկության օրվա ընթացքում, երբ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերությունների մեջ են մտնում բավականին մեծ թվով ընտրողներ, հնարավոր է նաև նման իրավախախտումների առկայությունը: Կարևորն այն է, որ նշված տեղեկությունները դարձել են ուսումնասիրման ու քննարկման առարկա և ակնհայտ է, որ նշվածների վերաբերյալ կլինեն մանրակրկիտ քննարկումներ և որոշումներ կկայացվեն»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական տվյալների համաձայն, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 296 հազար 368 ընտրող, որը կազմում է ընտրողների 50.51 տոկոսը: «Ազատության» հարցին՝ այս մասնակցությունը կարելի՞ է ակտիվ համարել, Տիգրան Մուկուչյանը, մասնավորապես, ասաց․ - «Իհարկե, այստեղ կարելի է խոսել, որ կարծես թե կա ավելի պասիվություն, բայց պետք է նկատի ունենալ, որ մենք, ըստ էության, գործ ունենք տարբեր հարաբերությունների հետ, որովհետև ընտրությունների ժամանակ մի քիչ ավելի այլ են շահերը, ավելի մեծ է լինում քաղաքացիների ակտիվությունը ամենատարբեր պատճառներով պայմանավորված, բայց հանրաքվեի համար, ես կարծում եմ, որ սա բավականին ակտիվություն է»:

XS
SM
MD
LG