Այսօր տեղեկություն ստացվեց, որ Գյումրիի թիվ 19 և 29 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերը հոսանքազրկվել են: Նշված տեղամասեր մեր այցելության պահին հոսանքի մատակարարումը վերականգնվել էր:
Թիվ 29 դպրոցում տեղակայված տեղամասի հանձնաժողովի նախագահը հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, թե հուզված է: Փոխարենը՝ խոսեց հանձնաժողովի անդամներից Սամվել Աղանյանը՝ նշելով․ «Լույսը մենք չենք անջատել, թաղով անջատվել է, սա է խնդիրը, անջատումն ընդամենը 10 րոպե տևեց, էդ ընթացքում մի հոգի եկավ ընտրության, ընտրությունը նորմալ կատարվեց, առանց որևէ պրոբլեմի: Մինչև էս պահը ոչ մի խախտում կամ անցանկալի իրավիճակ չի եղել»: Նույնը փաստեցին նաև թիվ 19 դպրոցում:
Այսօր ավելի վաղ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով ղեկավարում է «այո»-ի մարզային շտաբը, Գյումրիում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ ցանկանում է, որ քվեարկության ողջ գործընթացը հանդարտ ու անցնցում անցնի:
«Ազատության» հարցին՝ եթե իշխանություններին չհաջողվի ընդդիմադիր ընտրազանգվածով աչքի ընկնող այս մարզում ապահովել «այո»-ի հաղթանակը, հնարավո՞ր է, որ Ցոլակյանը հետևի իր նախորդի՝ Աշոտ Գիզիրյանի օրինակին և հրաժարական տա, մարզպետը հակիրճ պատասխանեց՝ «հաղթում է ընտրողը, և ինքը համաձայն է բոլոր ելքերի հետ»:
Գյումրիի մի շարք տեղամասերի մոտ այսօր մեքենաների կուտակումներ նկատեցինք, նաև ինչ-որ ցուցակներով մարկանց տեսանք: Երբ փորձեցինք նրանցից պարզել, թե ինչ են անում տեղամասերի մերձակայքում և ինչ ցուցակներ են իրենց ձեռքում, սկսեցին շտապ հեռանալ:
Թիվ 34/28 տեղամասի հանձնաժողովի նախագահ Թամարա Վարդանյանն ասաց, թե «այդ երիտասարդների ներկայությունը» իրենց աշխատանքին չի խոչընդոտել: «Իրենք խախտումներ չեն անում, չեն աղմկել, չեն խանգարել, ընտրակարգին չեն վնասել․․․»:
ՀԱԿ-ի Գյումրու պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքվեցինք՝ օրվա ընթաքում Գյումրիում ինչպիսի՞ խախտումներ են արձանագրել: «Այս ընտրությունները կեղծվում են, կեղծվելու են ընտրացուցակների միջոցով»,- համոզմունք հայտնեց ընդդիմության ներկայացուցիչը:
Օրվա ընթացքում Գյումրիի 82 ընտրատեղամասերում քվեարկողների առատություն, առանձնապես, չզգացվեց: