Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. Միջնորդների կոչը ուղղված է Ադրբեջանին


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի արդյունքներն ամփոփող ճեպազրույցում ասել է, թե Մինսկի խմբի միջնորդների կոչը ևս մեկ անգամ ուղղված է հենց Ադրբեջանին։

«Միջնորդները ասում են, որ կողմերը [միջնորդներ են, այդ պատճառով են «կողմեր» ասում] պետք է փարատեն այն տպավորությունը, որ լուրջ չեն վերաբերվում միայն բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությանը: Պարզ է, թե ում է ուղղված այդ կոչը: Իսկ ո՞վ է սպառնում ուժ կիրառել, ո՞վ է սպառնում պատերազմ սկսել: Հայաստա՞նը. երբևէ: Դուք մամուլն եք ներկայացնում, գիտեք, որ այդպիսի բան չի եղել: Հակառակ կողմն է անում այդ ամենը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Անդրադառնալով միջադեպերի և հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու միջնորդների կոչին՝ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը բազմիցս է վերահաստատել, որ համաձայն է այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ «Ադրբեջանը փաստորեն մերժեց».- «Եվ հենց եռանախագահների կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ նշվեց այդ մասին, որ կոչ են անում Ադրբեջանին նույնպես համաձայնել»։

«Եռանախագահները իրենց հայտարարության մեջ խստիվ դատապարտում են ծանր հրետանու կիրառումը: Ո՞վ է օգտագործում ծանր հրետանի: Պարզ չէ՞: Ասվում էր, չէ՞, որ ադրբեջանական կողմն է վերջերս սկսել կիրառել ծանր հրետանի, ուրեմն դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը: Եվ վերջապես, համանախագահները ևս մեկ անգամ դժգոհություն են հայտնում այն սուր քննադատությունների կապակցությամբ, որոնք ուղղվում են եռանախագահների հասցեին: Ու՞մ կողմից: Հայաստանը երբևէ քննադատե՞լ է: Ես երեկ լիագումար նիստին իմ ելույթում էլ ասացի, որ Հայաստանը երբեք չի քննադատել եռանախագահներին։ Համանախագահները նաև ասում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատասխանատվությունը եռանախագահների վրա դնելու փորձերը փորձ է կոծկել քաղաքական կամքի բացակայությունը: Ու՞մ. Ադրբեջանի: Այսինքն՝ ամեն ինչ ակնհայտ է»,- ասել է Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը կարևոր նշանակությունը կունենա բանակցային գործընթացն առաջ շարժելու տեսանկյունից։

Նալբանդյանը նաև ասել է, որ դեկտեմբերին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման վայրը և օրը դեռ պաշտոնապես չի հայտարարվել, դա պատշաճ կերպով կարվի՝ ըստ կողմերի համաձայնության.- «Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը, առաջ է ընկնում: Թե ի՞նչ է դա իրենց տալիս, չեմ կարող ասել, բայց մենք նման գործելաոճով չենք առաջնորդվում: Այնպես որ, ըստ պայմանավորվածության, կարվի այն ժամանակ, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբեր ամսին»։

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի՝ Բաքվում արած հայտարարությանը, որ միշտ Ադրբեջանի կողքին են, իսկ դրանից հետո շփման գծում արձանագրված դիվերսիոն փորձին, որի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի, Հայաստանի արտգործնախարարն ասել է, թե պետք չէ զարմանալ թուրքերի հայտարարություններից։

«Այն, որ դիվերսիան երեկ եղավ, ես, մեկ փակագիծ էլ բացելով ասեմ, որ եռանախագահների հետ հանդիպման ժամանակ նշեցի՝ ամեն ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանցիները նվազեցնում են լարվածությունը, ինչը միշտ արել են, յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին, յուրաքանչյուր ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդից առաջ: Եվ երբ հայտարարությունը ընդունվում է, անմիջապես հետևում է լարվածության աճ, ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, խաղաղ ճանապարհով կարգավորել։ Սա էլ Բաքվի պատասխանն է: Այսօր, օգտվելով առիթից, որ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպում եմ, կարող եմ ասել, որ՝ այո, Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ բանակցությունների միջոցով, միայն խաղաղ ճանապարհով, ինչպես և կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրությունը, գնալ հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG