Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Ամեն ինչ դեպի դրականն է գնում»


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ըստ Շարմազանովի, «այո»-ն անհամեմատ մեծ հաջողության կհասնի։

Իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) գտնում են, որ նոր Սահմանադրության ընդունման համար բոլոր հնարավորությունները կան։

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդառաջ ՀՀԿ-ի վերջին գործադիր մարմնի նիստից հետո, կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ամեն ինչ դեպի դրականն է գնում։ «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրդ գիտեք, որ «այո»-ն անհամեմատ մեծ հաջողության կհասնի, որովհետև պետք է պարզապես ոչ թե նայել դուրդ գալիս է, թե դուրդ չի գալիս, «այո»-ն է սիրուն, թե՝ «ոչ»-ը, պարզապես պետք է վերցնել երկու փաստաթուղթ և երկու փաստաթուղթը համեմատել», - ասաց Շարմազանովը։

«Ոչ»-ի ճակատի հանրահավաքները, Շարմազանովի խոսքով, սակավամարդ էին, իսկ քարոզչությունը փոփոխությունների հետ կապ չուներ։ Իշխանափոխությունն էլ, որը խոստանում են «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները, ըստ իշխող կուսակցության խոսնակի, չեն իրականանալու, քանի որ, անկախ հանրաքվեի արդյունքից, իրենք մինչև ընտրությունները իշխանություն են լինելու։

«Մի հարսանիքին ավելի շատ մարդ է գալիս, քան ՀԱԿ-ի [Հայ ազգային կոնգրես] հանրահավաքին։ Ինչի՞ մասին է խոսքը։ Էդ կուսակցությունից ժողովուրդը ի՞նչ պետք է սպասի։ Տեսանք էլի այսօրվա հանրահավաքին», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովը անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրաքվեն բոյկոտելու որոշմանը։ Նա ասաց, որ չի ցանկանում Քոչարյանի օրինակով խոսել, բայց կարծում է, որ «քաղաքականության մեջ բոյկոտի գնացողն է տուժում»։

«Գոնե մեր նորագույն պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտից տուժում են ոչ թե նրանք, ում բոյկոտում են, այլ բոյկոտից տուժում են այն քաղաքական գործիչները, այն քաղաքական ուժերը, ովքեր որ գնում են բոյկոտի ճանապարհով։ Բոյկոտը՝ դա պասիվ պահվածք է, իսկ ես, գոնե իմ աշխարհայացքով, կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հստակ դիրքորոշում, այդ թվում՝ նաև քաղաքական գործիչը. կողմ ես, թե՝ դեմ ես, եթե կողմ ես, ինչի՞ն ես կողմ և ինչո՞ւ ես կողմ, եթե դեմ ես, ինչի՞ն ես դեմ և ինչո՞ւ ես դեմ։ Իսկ պարոն երկրորդ նախագահը ունի մեծ փորձառություն և ինքն է որոշում՝ ինչպես վարվել։ Եթե ինքը որոշել է այդպես վարվել, դա ես մեկնաբանելու խնդիր չունեմ», - ասաց Շարմազանովը։

XS
SM
MD
LG