Մատչելիության հղումներ

«Հեռուստացույցի և սառնարանի պատերազմ»


Խանութի այցելուն դիտում է Վլադիմիր Պուտինի ելույթը, Մոսկվա, 3-ը դեկտեմբերի, 2015թ.
Խանութի այցելուն դիտում է Վլադիմիր Պուտինի ելույթը, Մոսկվա, 3-ը դեկտեմբերի, 2015թ.

Մի կողմից պուտինամետ լրատվամիջոցների ջանքերի շնորհիվ երկրում հաստատվել է հայրենասիրական էյֆորիա, մյուս կողմից տնտեսական գորշ իրականությունն է։ Սա Ռուսաստանում անվանում են «հեռուստացույցի և սառնարանի պատերազմ»։

Ո՞վ կհաղթի, ի՞նչը կազդի իշխանության մասին քաղաքացիների կարծիքների վրա։ Այս հարցին է անդրադարձել Բրիտանիայում տեղակայված Legatum վերլուծական կենտրոնը, որի փորձագետներ Իգոր Պոմերանցևը և Նատան Գեյմստերը վերլուծություն են հրապարակել Foreign Policy հանդեսում։

Օբյեկտիվ տվյալները վկայում են, որ Ռուսաստանում մարդիկ վատ են ապրում, բայց միևնույն ժամանակ, նրանք ավելի լավ են գնահատում իրենց երկիրը։ Բնակվելով անկում ապրող երկրում՝ մարդիկ, ըստ սոցիոլոգների, պնդում են, որ այսօր վիճակն ավելի բարվոք է, քան մեկ տարի առաջ։

Ինչպե՞ս բացատրել իրական ծանր վիճակի և լավատեսության համատեղումը։ Ի՞նչն է անկեղծ։ Պոմերանցևն ու Գեյմստերն ասում են, թե շատ առումներով, անկեղծ է թե մեկը, թե՝ մյուսը։

Այն, թե ինչպես է մարդը գնահատում իր կենսամակարդակը, հաճախ ունի ոչ պակաս նշանակություն, քան կենսամակարդակի իրական պայմանները։

Ամերիկայում մարդիկ վհատված են, թեպետ օբյեկտիվորեն գործերը վատ չեն, իսկ Ռուսաստանում հակառակն է, օբյեկտիվորեն ամեն ինչ վատթարանում է, բայց արտաքին ասպարեզում Վլադիմիր Պուտինի կոշտ դիրքորոշումը և արդիական, արդյունավետ պրոպագանդան մարդկանց ուշադրությունը շեղում են օրըստօրե վատթարացող կենսամակարդակի խնդրից։

Եվ այնուամենայնիվ, Պոմերանցևի և Գեյմստերի կարծիքով, «միայն կարճ ժամանակով է հնարավոր պահպանել իրականության ու դրա ընկալման միջև առկա մեծ տարբերությունը»։

Ռուսաստանում հայրենասիրական տրամադրություններ են, Կրեմլն ունի աննախադեպ բարձր վարկանիշ, սակայն 2013-2014 թվականներին երկրից կապիտալի արտահոսքը կրկնապատկվել է ու 61 միլիարդ դոլարից հասել է 151.5 միլիարդ դոլարի։

«Ինչ խոսք, այնքան էլ հայրենասիրական կեցվածք չէ», - հեգնանքով փաստում են Legatum կետրոնի փորձագետները։​

«Հեռուստացույցը, կարծես թե, սառնարանից հզոր է։ Պուտինին կարելի է համեմատել ցլամարտիկի հետ, որի ձեռքում թիկնոցը` պրոպագանդան է, դրանով է նա պաշտպանվում իրականության ցլից», - նշում են Legatum-ի փորձագետները և հավելում. - «Առայժմ դա հաջողվում է, բայց քան՞ի հայրենասիրական և ռազմական հաղթանակներ են պետք այդ ցլին պատկառելի հեռավորության վրա պահելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG