Մատչելիության հղումներ

Հերթական արյունալի օրը Ամերիկայում


Ավանի ոստիկանապետ Ջերոդ Բուրգուենը պատասխանում է լրագրողների հարցերին, Սան Բերնարդինո, 2 դեկտեմբերի, 2015թ.
Ավանի ոստիկանապետ Ջերոդ Բուրգուենը պատասխանում է լրագրողների հարցերին, Սան Բերնարդինո, 2 դեկտեմբերի, 2015թ.

Կալիֆորնիայում 14 մարդ է սպանվել։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել հերթական զանգվածային հրաձգությունը։ Կալիֆորնիայի նահանգի Սան Բերնարդինո քաղաքում սպանվել է առնվազն 14 մարդ, կա մոտ երկու տասնյակ վիրավոր։

Երեկ տեղական ժամանակով ժամը 11-ին երկու զինյալներ ներխուժել են Սան Բերնարդինոյի սոցիալական ծառայությունների կենտրոն և կրակահերթեր արձակել այցելուների վրա։ Հանցագործները կրել են զինվորական հանդերձանք և զրահապատ բաճկոններ։

Նախապես հաղորդվել է երեք հանցագործի մասին, սակայն հետագայում ոստիկանները նշել են, որ գրոհը երկու մարդ է իրականացրել։

Շենքում անմեղ այցելուներին գնդակահարելուց հետո նրանք դիմել են փախուստի, հանցագործներին հետապնդել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Զինյալների և ոստիկանների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, երկու ահաբեկիչները` մի տղամարդ և մի կին, սպանվել են։

Սան Բերնարդինոյի ոստիկանապետ Ջերոդ Բուրգուենը հայտնել է սպանված հանցագործների անունները։

«Սպանդը իրականացրել են 28-ամյա Սայեդ Ռիզվան Ֆարուքը և 27-ամյա Տաշվին Մալիքը: Ֆարուքը ծնվել է Ամերիկայում, Մալիքի ծննդյան վայրի մասին տեղեկություն այս պահին չկա»,- ասել է ոստիկանապետը։

Ֆարուքի ազգականների փոխանցմամբ, երկու զինյալներն ամուսիններ էին, ունեին 6 ամսական դուստր։ Ֆարուքն անցած 5 տարիների ընթացքում զբաղեցրել է Սան Բերնարդինոյի առողջապահության ծառայության բնապահպանության բաժնի տեսուչի պաշտոնը։

«Նա սոցիալական ծառայության կենտրոնում մասնակցել է հանդիսավոր ընդունելությանը, այնտեղից հեռացել է վրդովված»,- ասել է ոստիկանապետը։

Ենթադրվում է, որ Ֆարուքն ինչ-որ հարցի շուրջ մեկի հետ վեճի է բռնվել, զայրացած հեռացել է համալիրից և որոշ ժամանակ անց վերադարձել է կնոջ հետ` վրեժ լուծելու՝ երկուսն էլ մինչև ատամները զինված։ Ոստիկանապետի համոզմամբ, նրանց գործողություններում կար հստակ ծրագիր։

«Չեմ կարծում, որ նրանք պարզապես գնացին տուն ու զինվորական հանդերձանքով վերադարձան։ Մենք չենք կարող բացառել ահաբեկչության վարկածը»,- երեկ ասել է Բուրգուենը։

Երեկ Սան Բերնարդինոյում իսկական քաոս էր և խուճապ։ Ահաբեկված մարդիկ չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրանց կարգադրել էին դուրս չգալ տներից։ Ըստ իրավապահների, հանցագործների մոտ եղել են նաև պայթուցիկներ։

Ամերիկայում տեղի ունեցած այդ հերթական ողբերգությանն արձագանքել է զենքի խիստ հսկողություն սահմանելու գաղափարը տարիներ շարունակ առաջ տանող նախագահ Բարաք Օբաման։ Գաղափար, որին ընդդիմանում է զինագործների հզոր լոբբին։

«Կան քայլեր, որոնք թույլ կտան եթե ոչ բացառել զանգվածային հրաձգությունները, ապա գոնե էապես նվազեցնել դրանց հավանականությունը․ խոսքը զենքի մասին օրենքների, խիստ ստուգումների մասին է։ Կան մարդիկ, ովքեր օրենքի ուժով չեն կարող մտնել օդանավ, բայց այդ նույն մարդիկ կարող են մտնել խանութ և զենք գնել, և մենք ոչինչ չենք կարող անել։ Պետք է օրենքը փոխել»,- ասել է Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG