Մատչելիության հղումներ

Յոթամյա երեխան իր աղքատ ընտանիքի «հույսն ու ապավենն է»


Անուշը յոթամյա որդու օգնությամբ է միայն կարողանում տանից դուրս գալ և քայլել
Անուշը յոթամյա որդու օգնությամբ է միայն կարողանում տանից դուրս գալ և քայլել

Սոցիալապես անապահով ընտանիքին մեծ դժվարությամբ է հաջողվում գոյություն պահպանել:

Յոթ տարեկան Էրիկը իր հաշմանդամություն ունեցող մոր՝ Անուշի օգնականն է։ Նրանց ընտանիքն ապրում է Սևանի քառահարկ վթարային հանրակացարանում։ Անուշը դժվարությամբ է քայլում, որդու օգնությամբ է միայն բակ դուրս գալիս, լվացք անում կամ 5 ամսական Գարիկին խնամում։

«Սաղ օրը ես մամայի մոտ գործ եմ անում, ջուր եմ գնում բերում, մամային օգնում եմ, գնում ենք դուրս, իրար հետ մի քիչ ֆռռում ենք ու տենց»,- «Ազատությանը» պատմում է Էրիկը։

Դպրոցից վերադանալուց հետո նա այսօր էլ ստիպված էր նույն մակարոնն ուտել, ինչ նախորդ օրը։ Բայց չի դժգոհում։ Հարմարվում է։ Հետո մայրը թեյ էլ կտա։ «Ամեն օր չայ եմ խմում ես, դպրոց էթալուց էլ եմ չայ խմում, որ գալիս եմ՝ էլի չայ եմ խմում»։

36-ամյա Անուշն ու իր ամուսինը, ով մանկատանն է մեծացել, հանրակացարանի 14 քմ տարածքով սենյակում երկու զավակ են մեծացնում։ Մեկ տարի առաջ Ռուսաստանում աշխատել են ու կարողացել 1000 դոլար արժողությամբ այս սենյակը ձեռք բերել՝ քիչ-քիչ վճարելու պայմանով։

Ռուսաստանից արտաքսվելուց հետո գործազուրկ դարձած ամուսինն այժմ փորձում է Սևանում ու հարևան գյուղերում օրավարձով աշխատանք գտնել: Պատրաստ է աշխատել անգամ խիստ փոքր վաստակի դիմաց: 5 ամսական Գարիկի համար, հատկապես, դժվար են սնունդ հայթայթում։ Դեղատներից հույսները կտրել են։ «Դեղատներում 61 հազար դրամ պարտք ունեմ, էլ չեն տալիս»։

Պետությունից ստացած աղքատության նպաստն ու հաշմանդամության թոշակը չեն բավականացնում նվազագույն ծախսերը հոգալու՝ խանութներում ու դեղատներում կուտակված պարտքերը մարելու համար։ «Նպաստ են տալիս 30 հազար դրամ, ես 30 հազար դրամը ո՞ր մեկին տամ, ո՞ր մի պարտքատիրոջը տամ։ Կամ 16 հազար հաշմանդամին թոշակ ա տալիս, ես ո՞ր մեկին տամ։ Պատկերացրեք՝ էսօր ինձ էլեկտրիկը ահ ա տվել, որ մինչև իրիկուն գոնե մի քիչ գումար վճարեմ։ Եթե չվճարեմ, էս երեխես մնալու ա անլույս»,- ասում է Անուշը։

Քիչ ավելի ուշ եկավ նաև էլեկտրիկ Արթուրը: «Համարյա 30 հազար պարտք ա, թե ոնց ա լինելու, չեմ իմանում»,- ասաց էլեկտրիկը։

Լրագրող տեսնելով՝ հավաքվեցին նաև Անուշի հարևանները, ովքեր մեկը մյուսի հետևից թվարկում էին իրենց խնդիրները, ցույց տալիս սանիտարական պայմաններից զուրկ ընդհանուր զուգարանը։ «Ստեղ վաբշե ահավոր ա, կներեք, որ էս վիճակն ա, բայց ի՞նչ անենք։ Ոչ բաղնիք կա, ոչ զուգարան կա։ Էս ի՞նչ պայմաններ ա, շլանգները ձմեռը սառում ա։ Չգիտենք՝ ինչ անենք»,- դժգոհում էին նրանք:

Անուշի հարևան Լարիսան ևս հաշմանդամություն ունի։ Ասում է՝ ծանր վիրահատություններ է տարել, բայց երբեք պոլիկլինիկաներից իր հասանելիք դեղորայքը չի ստացել։ Բուժման ծախսերը հոգալու միջոցներ չունի։ «Գնում եմ գլխավորի մոտը դեղ եմ ուզում, ինքը ինձ կոպիտ պատասխանում ա, էն էժան, ստից դեղերը տալիս ա, իսկ որը որ հանձնաժողովը որոշել ա՝ ինքը պտի գրի տա, չի տալիս։ Ասում ա՝ ես որ քեզ տամ, ոտը պարզում ա, դնում՝ բա իմ ոտերը ո՞վ բուժի։ Բա որ ես մենակ եմ ու հաշմանդամ։ 6 հատ նարկոզ եմ տարել, մատներս էլ հես ա՝ կտրած»,- պատմում է Լարիսան։

Առաջին դասարանցի Էրիկը, որ դեռ վաղ տարիքից անդադար մեծ խնդիրների մասին է լսում ու իր իսկ մաշկի վրա զգում դրանք, արդեն սովորել է խնայել։ Մայրն ասում է՝ երբեմն երեխան է խորհուրդ տալիս՝ անջատել էլեկտրական տաքացուցիչը, մի քիչ հոսանք խնայելու համար։ Հաճախ հանրակացարանի երեխաներով հավաքվում են հարևաններից մեկի տանը՝ տաքանալու։ Էրիկը գիտի դժվարությունների գինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG