Մատչելիության հղումներ

Մահացած զինվորի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին


«Էդ ինչ որ տարածում են, սուտ ա, տենց բան չկա: Մենք հետևում ենք էդ գործերին ու պայքարելու ենք մինչև վերջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց 18-ամյա զինվորի հորեղբայրը:

Սահմանապահ զորքերում անցած շաբաթ մահացած շարքային 18-ամյա Գևորգ Խաչատրյանին այսօր վերջին հրաժեշտը տվեցին Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում։

Կես տարի առաջ պարտադիր զինծառայության զորակոչված զինվորի մահվան գործով հարուցվել է քրեական գործ, նախնական վարկածով՝ ինքնասպանության հասցնելու համար։

«Ազատության» հետ զրույցում Գևորգի հորեղբայր Հարություն Խաչատրյանը, սակայն, պնդում էր, որ չեն հավատում այդ վարկածին․ - «Էդ ինչ որ տարածում են, սուտ ա, տենց բան չկա: Մենք հետևում ենք էդ գործերին ու պայքարելու ենք մինչև վերջ»:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Խաչատրյանը ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածք, նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը զարմանում է, որ այս ամենից հետո առաջ է քաշվել հենց ինքնասպանության վարկածը․ - «Գլխի գագաթային մասից անձը ինքնասպանություն չի գործում ինքնաձիգով»:

Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում նաև մահացած զինվորի սրունքների վրա հայտնաբերված քերծվածքներին՝ պնդելով, որ իրավապահները պարտավոր են պարզել դրանց պատճառներն ու վաղեմության ժամկետը։

Գևորգ Խաչատրյանի մահվան գործով կասկածյալների կամ ձերբակալվածների մասին առայժմ չի հաղորդվում։

«Ազատության» հարցմանը, թե արդյոք կա՞ն պատասխանատվության կամ տույժի ենթարկվածներ հրամանատարական կազմից, Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից պատասխանեցին, որ քրեական գործի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից զատ, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։

Առայժմ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում, թե Զինված ուժերում խաղաղ պայմաններում քանի մահվան դեպք է արձանագրվել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, անցած տասնմեկ ամիսներին բանակում արձանագրվել է սպանության և ինքնասպանության 9 դեպք՝ 6 ինքնասպանություն և 3 սպանություն։

2014-ին արձանագրվել էր սպանության և ինքնասպանության 7 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG