Մատչելիության հղումներ

Թբիլիսին և Բաքուն քննարկում են խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցը


Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելի, արխիվ

Այն Ադրբեջանում Վրաստանի պաշտպանության նախարարի բանակցությունների հիմնական թեմաներից էր:

Ադրբեջանը և Վրաստանը կրկին հայտարարում են Հարավային Կովկասով անցնող խողովակաշարերը համատեղ ուժերով պաշտպանելու պատրաստակամության մասին: Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին այս մասին հայտարարեց Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

«Պարոն Իլհամ Ալիևի հետ մի շարք հարցեր քննարկեցինք, այդ թվում՝ մեր երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հեռանկարները: Քննարկման հիմնական թեմաներից մեկը խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցն էր: Մասնավորաբար, մենք քննարկում էինք, թե ինչ հավելյալ միջոցներ է պետք ձեռնարկել այդ անվտանգությունն ապահովելու համար` հատկապես հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ի հայտ եկած մարտահրավերները», - ասում էր Խիդաշելին` հատուկ ընդգծելով, որ Բաքվի և Թբիլիսիի նպատակը անցանկալի զարգացումները կանխարգելելն է:

«Մենք խոսեցինք նաև այն էներգետիկ ծրագրերի մասին, որոնցում թե՛ Ադրբեջանը և թե՛ Վրաստանը ներգրավված են: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում նկատվող տհաճ զարգացումները` չի բացառվում, որ էներգետիկ այդ ծրագրերը կարող են լուրջ ռիսկերի ենթարկվել: Մենք որպես գործընկեր պետություններ պետք է ջանք չխնայենք, ավելին` շատ լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ ռիսկերն ի վերջո չվերածվեն սպառնալիքների», - նշում էր Թինա Խիդաշելին:

Հիշեցնենք, որ համատեղ էներգետիկ ծրագրեր ասելով Վրաստանի պաշտպանության նախարարը նախևառաջ նկատի ուներ 1990-ականներին և 2000-ականների սկզբին կառուցված երեք խոշոր խողովակաշարերը` Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղերն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, որը «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված ադրբեջանական գազը տեղափոխում է Թուրքիայի տարածք:

Բաքու մեկօրյա այցի ընթացքում Խիդաշելին հանդիպեց նաև իր ադրբեջանցի գործընկերոջ` Զաքիր Հասանովի հետ, ինչպես նաև այցելեց Իլհամ Ալիևի ծնողների` նախկին նախագահ Հեյդար Ալիևի և Զարիֆա Ալիևայի շիրիմներին: Վրաստանի պաշտպանության նախարարը այցելեց նաև այսպես կոչված «Շեհիդների ծառուղի», որտեղ թաղված են Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորականները:

Թինա Խիդաշելիի Բաքու այցին կհաջորդի Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Այն կայանալու է երկու շաբաթից Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG