Մատչելիության հղումներ

Լավրովը պատրաստ է հանդիպել Չավուշօղլուին


Կիպրոս -- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին, Նիկոսիա, 2-ը դեկտեմբերի, 2015թ․
Կիպրոս -- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին, Նիկոսիա, 2-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստ է դեկտեմբերի 3-4-ը Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր այդ հայտարարությունն արել է Նիկոսիայում՝ Կիպրոսի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ Սերգեյ Լավրովը կրկին դատապարտել է թուրքական օդուժի գործողությունները:

«Պարզ է, որ այդ իրավիճակում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները չեն կարող զարգանալ սովորականի նման, և պարզ է, որ մենք Թուրքիայի այդ գործողությունը գնահատում ենք որպես ահաբեկչության դեմ պայքարին հակասող ակցիա»,- ասել է Լավրովը:

«Մի կեր թուրքական»

Մինչ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպումը, Ռուսաստանում թուրքական ապրանքատեսակներից հրաժարվելու արշավը նորանոր դրսևորումներ է ստանում:

Նախօրեին կառավարության արգելած ապրանքատեսակների՝ մսամթերքի, կաթնամթերքի, մրգի, բանջարեղենի, հատապտղի շարքը կոնֆետներով համալրելու պահանջով է հանդես եկել Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անդրեյ Սվինցովը:

Պատգամավորը կոչ է արել այցելել խանութներ և թուրքական ապրանքը չգնելու հորդոր պարունակող գրություններ փակցնել: - «Դա պետք է անել, որպեսզի մեր քաղաքացիները, մտնելով խանութ, հստակ հասկանան, որ այդ ապրանքները թուրքական են և թուրքական ընկերություններին ֆինանսավորելը կարող է անուղղակիորեն լինել ահաբեկչության ֆինանսավորում»,- իր բացատրությունները հրապարակավ ներկայացրել է պատգամավորը:

Սվինցովը Պետական դումայի աշխատակազմին խնդրել է Պետդումայի ճաշարանում շարված թուրքական կոնֆետներից ևս հրաժարվել՝ դրանք որակելով «ցածրորակ»:

«Այսօր անհապաղ ոչ միայն ուղերձ կհղենք Դումայի աշխատակազմ, որպեսզի այստեղ վերջ դնեն վաճառքին, այլև համապատասխան ատյաններ, որոնք որոշում են ապրանքի բաղադրությունը»,- Պետական դումայի նիստին ընդառաջ հայտարարել է Սվինցովը։ «Եթե պարզվի, որ այստեղ կան վնասակար տարրեր, մենք կառավարությունից կպահանջենք դրանք ներառել թուրքական արգելված ապրանքների ցանկում»,- զգուշացրել է պատգամավորը:

Երկու երկրների հարաբերությունները լարվել են Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումից հետո։ Թուրքիան վստահեցնում է, որ ռուսական ինքնաթիռը հատել է իր օդային սահմանը, Ռուսաստանը հերքում է այս պնդումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG