Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետը կարծում է՝ «այո»-ն փոփոխություններ կբերի


Մինչ «Ոչ»-ի ճակատը կոչ է անում համախմբվել և պայքարել իշխանության փոփոխության համար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ազատություն» հետ զրույցում ասում է՝ կուզենար բոլորին համախմբված տեսնել «այո»-ի դաշտում: Ըստ քաղաքապետի՝ եթե մարդիկ փոփոխություն են ուզում, պիտի դեկտեմբերի 6-ին «այո» քվեարկեն:

«Յուրաքանչյուր մարդ իր կյանքում նույնիսկ յուրաքանչյուր օր փոփոխություն է ուզում։ Դուք «Հառաչանքը» կարդացե՞ք եք։ Էնտեղ շատ լավ մի տող է գրված, ասում է՝ «Ծերունու ապրած տարիները միևնույն ծառի միանման տերևներն էին, այդ իսկ պատճառով խռնվում էր ծերունուս հիշողությունը»։ Հիմա եթե մենք ուզում ենք փոփոխություն լինի, ուրեմն մենք պետք է «այո» ասենք»,- ասաց քաղաքապետը։

Քարոզարշավի ընթացքում երկու ճամբարներն էլ ակտիվորեն ներկայացնում են իրենց տեսակետները։ «Ոչ»-ի ճակատից «Նոր Հայաստան»-ի աջակից Ժաննա Ժամհարյանը շաբաթներ շարունակ վանաձորցիներին թռուցիկներ է բաժանել, մասնակցել է «ոչ»-ի համար կազմակերպված ստորագրահավաքին: Վստահ է` ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եկել է իշխանություններին «ոչ» ասելու ժամանակը:

«Մենք ասում ենք, որ այդ հանրաքվեն այս պայմաններում ինքնանպատակ է, որովհետև այսօր Հայաստանը ավելի մեծ պրոբլեմներ ունի, և էդ 4.5 միլիարդը, որ ներդնելու են էս անիմաստ, ոչ հանապազօրյա խնդրի լուծմանը, կարող էին ուղարկել սահմանամերձ գոտիներ»,- ասաց Ժամհարյանը։

Ընդդիմադիր ճամբարում, ինչպես և նախորդ համապետական քվեարկությունից առաջ, կրկին մտահոգություններ են հնչում՝ ուռճացված ընտրացուցակների ու հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ: Լոռու հանրապետական մարզպետ, մարզի «Այո»-ի շտաբի ղեկավար Արթուր Նալբանդյանը կտրականապես հերքում է այդ պնդումները` կոչ անելով գործընթացը չսևացնել:

«Ես ընդամենը կասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե այսօր «Ոչ»-ի ճամբարը ուղղակի տեսնում է, որ իրենք որևէ հաջողություն չեն ունենալու, բնականաբար, պետք է փորձեն այդ ճանապարհով նույնպես հանձնաժողովների վրա ցեխ չշպրտեն»,- ասաց մարզպետը։

XS
SM
MD
LG