Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «Օմբուդսմենի գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը»


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի ծայրահեղ վատ պայմանների մասին օմբուդսմենի աշխատակազմի երեկվա հաղորդագրությանը:

«Եթե օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում, որ հանրապետությունում առկա են կարիքավոր դպրոցներ, ապա ցավում եմ դրա համար, քանի որ ՀՀ քաղաքացի լինելով` նա պարտավոր էր դրա մասին իմանալ ի սկզբանե: Պարտադիր չէ լինել օմբուդսմեն` իմանալու համար, որ դպրոցներում խնդիր կա: Իսկ մասնագիտական աշխատանքի թերությունը նույնպես ակնհայտ էր: Իհարկե, այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության է, և մենք գիտենք այդ խնդիրները` առանց իր շոուների», - կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աշոտյանը՝ հավելելով․ - «Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը»:

Ըստ Աշոտյանի, Անդրեասյանը ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն․ - «Շենք-շինությունների համար պատասխանատուն ընդհանուր առմամբ կառավարությունն է, սակայն գերատեսչական մասով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Նշեմ, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա»:

Նախարարը վստահեցրել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են իր ղեկավարած գերատեսչության ուշադրության կենտրոնում, «որի ապացույցն է համընդհանուր ներառականության անցմանն ուղված քաղաքականությունը, երեխայի կրթության աջակցության եռաստիճան` մանկավարժահոգեբանական համակարգի ներդրումը, առկա խնդիրների նկատմամբ բաց և թափանցիկ հանրային լայն քննարկումների իրականացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG