Մատչելիության հղումներ

Հայրապետյանը հրաժարական կտա, եթե հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի


Ռուբեն Հայրապետյանը և Հենրիխ Մխիթարյանը, արխիվ
Ռուբեն Հայրապետյանը և Հենրիխ Մխիթարյանը, արխիվ

Եթե ֆուտբոլի ազգային հավաքականը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա։ Ժամեր առաջ նա այս մասին հայտարարել է Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Ակումբի ղեկավար Դենիս Սարգսյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ հավաքականի անհաջող ելույթի դեպքում ինքն այլևս անելիք չի ունենա ֆուտբոլում։

«Մենք ասացինք՝ «շատ դեպքեր են եղել, ինչքանո՞վ վստահ լինենք, որ էդպես է լինելու», պատասխանեց՝ «ես էսքան ժամանակ ստախոս չեմ եղել, էսքան ժամանակ երբեք նման բան չեմ ասել, որ եթե հավաքականը շրջափուլում անհաջողություն կրի, ես հրաժարական կտամ, սա առաջին դեպքն է, որ ես սենց բան եմ ասում, ու իմ խոսքի տերը կլինեմ»,- զրույցը փոխանցեց ֆան ակումբի ղեկավարը։

Սարգսյանի խոսքով՝ իրենք միացել են հավաքականի երկրպագուների մյուս՝ ՖԱՖ ակումբի երեք պահանջներին։ Տոմսերի գների իջեցման մասով Հայրապետյանը խոստացել է քայլեր ձեռնարկել, հավաքական հմուտ ֆուտբոլիստներ հրավիրելու պահանջին էլ արձագանքել՝ ինքը այդ հարցին չի միջամտում։

«Մարզչի հետ կապված հստակություն չկա՝ հնարավոր է նաև արտասահմանցի մարզիչ, մինչև տարվա վերջ էդ հարցի լուծումը կստանանք»,- ասաց Սարգսյանը։

Հայրապետյանը նաև ասել է, որ Վարդան Մինասյանը կտրականապես հրաժարվում է վերստին ստանձնել մարզչի պաշտոնը, և հիմա ինքը փորձելու է հրավիրել ֆրանսիական «Նանտ»-ի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին։

Օրեր առաջ անդրադառնալով հավաքականի խնդիրներին՝ Ռուբեն Հայրապետյանը «Ազատությանը» ասել էր, որ Ալբանիայի հետ խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստներ դավաճանել են, և ինքը միայն դավաճաններին բացահայտելուց հետո կլքի պաշտոնը։

«Ես այդ խնդիրը մինչև չհարթեմ, չլուծեմ այդ խնդիրը․․․ Ինքս, ազնվորեն, հոգնել եմ, ես էլ եմ սպառել ինձ: Ազնվորեն ասում եմ: Բայց ես չեմ թողի էս վիճակում: Խնդիր կա՝ իմ ժամանակ է այդ աղբը լցվել, ես պիտի մաքրեմ ու նոր գնամ։ Ինձ այդքան չի հետաքրքրում բացահայտել պատժելը, այլ բացահայտել մաքրելը՝ որ մյուսների համար դաս լինի, մյուս սերունդները չանեն»,- ասել էր նա։

Այս հայտարարությունից հետո՝ երեկ ֆուտբոլի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը հակադարձեցին ՝ հավաքականում տիրող վատ մթնոլորտը ֆուտբոլիստների հետ կապ չունի, և իրենց թիմում դավաճանություն փնտրելը արդյունք չի տալու։ «Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թե՛ մեր առողջությանը, թե՛ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային»,- պնդում են նրանք։

Այսօր Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպման ժամանակ նաև այս հարցն է քննարկվել։ Red Eagles ֆան ակումբի ղեկավարի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանը պնդել է, որ ինքը հավաքականում մթնոլորտ չի փչացնում։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շվեդական «Արամեիսկա-Սիրիանսկա» ակումբի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը չի պատկերացնում, որ Հայաստանի հավաքականում կարող էին դավաճաններ լինել։ Նրա կարծիքով՝ Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքը շատ լուրջ էր, և ֆուտբոլիստները տեղին են արձագանքել։

«Դա լուրջ վստահության խնդիր է առաջ բերում հավաքականի ներսում, և մթնոլորտը կարող է իրոք շատ վատ անդրադառնալ ընդհանուր խաղի և խաղի որակների վրա»,- «Ազատությանն» ասաց Պաչաջյանը։

Առաջիկա ժամերին հավաքականի շուրջ ծավալվող իրադարձություններին կանդրադառնա նաև Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջով ցույցեր անցկացրած ՖԱՖ ակումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG