Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել, ասելով՝ «Բարև ձեզ»:
Ինչպես հայտնում է Ermenihaber.am կայքը՝ վկայակոչելով թուրքական Milliyet պարբերականը, ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) պատգամավոր Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը: Փայլանը Էլչիին նմանեցրել է «Ակոս»-ի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքին` ասելով, որ նա նույնպես «խաղաղության աղավնի» էր:
Հայազգի պատգամավորն իր ելույթում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` ասելով. - «Այս պետության վրա երեք մատ հաստությամբ փոշի է նստած: Մեր պարտականությունն է ոչ թե ծածկել այդ փոշին, այլ մաքրել դա: Եթե չմաքրենք, ապա կկրկնվեն հանցագործությունները: Հրանտ Դինքի սպանությունը ծածկեցիք, այդ պատճառով էլ հանցագործությունը կրկնվեց և մեկ այլ «խաղաղության աղավնի»` Թահիր Էլչին սպանվեց»:
«Թահիր Էլչին Հրանտ Դինքի նման հավատում էր խաղաղության, եղբայրությանը, ժողովրդավարությանը և պայքարում էր դրանց համար: Երկուսն էլ սպանվեցին: Եվ սա պետության վրա ծանրացած փոշու ապացույցն է: Եթե պետությունը հանցագործություն կատարի, ո՞վ է բացահայտելու, ո՞վ է վերահսկելու», - ընդգծել է Գարո Փայլանը: