Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են զինված խմբի գործով կալանավորվածներին


Իրավապահները Նորքում հատուկ գործողության ժամանակ, Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.
Իրավապահները Նորքում հատուկ գործողության ժամանակ, Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը և օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչության պետը անցած շաբաթավերջին այցելել են զինված հանցախմբի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին և հինգ կանանց՝ Մարինե Կատանյանին, Ասյա Մկրտչյանին, Նելլի Մինասյանին, Լիլիթ Թորոսյանին և Սրբուհի Այվազյանին։

Ըստ օմբուդսմենի ֆեյսբուքյան էջի, Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Վարդանյանը հայտնել է, որ որևէ բողոք չունի ձերբակալվածների պահման վայրի կամ քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններից, իր նկատմամբ վերաբերմունքից։

«Վարդանյանի ինքնազգացողությունը փոքր-ինչ վատ է եղել, ինչի առթիվ օմբուդսմենի ներկայացուցիչները համապատասխան միջոցներ են ձեռնարկել: Վարդանյանը խնդրել է նաև հնարավորության դեպքում այցելել կալանավորված մյուս անձանց նույնպես, հատկապես` աղջիկներին», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ օմբուդսմենի գրասենյակի, կալանավորված հինգ կանայք ևս առանձնազրույցի ընթացքում որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքից, նշել են, որ որևէ բռնություն իրենց հանդեպ չի կիրառվել, բողոքներ չունեն։

«Վերջիններս խնդրել են ասել իրենց հարազատներին, որ իրենց ինքնազգացողության հետ կապված այս պահին խնդիրներ չունեն: Սակայն բոլոր հինգ կանայք նշել են, որ չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, և խնդրել են փոխանցել որոշ լրատվամիջոցների և առանձին անհատների, որ մինչև քննության ավարտը չպիտակավորեն իրենց և հարգեն իրենց անմեղության կանխավարկածը։ Օմբուդսմենի ներկայացուցիչները պարզաբանել են կանանց նրանց իրավունքները կալանավայրում», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ գրասենյակի, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փորձում են ճշտել մյուս կալանավորվածների պահման վայրերը՝ նրանց ևս այցելելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG