Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտարարում է «կազմակերպված հանցավոր խմբակցություն» բացահայտելու մասին


Երևանում բացահայտվել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

«2015 թվականին Հայաստանի քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։

Ըստ ծառայության, այսօր ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, այդ թվում՝ «մուխա» տեսակի, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ:

«Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են», - ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG