Մատչելիության հղումներ

Հոգեկան խնդիրներով հոսպիտալ տեղափոխված զինվորը պնդում է, որ իրեն ծեծել է գումարտակի հրամանատարը


Արթուր Հակոբյան
Արթուր Հակոբյան

Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում գտնվող շարքային զինծառայող Արթուր Հակոբյանի հարազատները հայտարարում են, որ փորձ է արվում կոծկել 19-ամյա երիտասարդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ Հակոբյանի մոտ զորամասից հոսպիտալացվելիս և Երևանի կայազորային հոսպիտալ ընդունվելիս մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Մինչդեռ զինվորի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը, սեփական աչքերով է տեսել զարմիկի պարանոցի շրջանում առկա վնասվածքները․ - «Ես ասեցի, որ հետքը տեսել եմ: Բժիշկն ասեց՝ հա, բատինկի հետք, բան, ես ինչ-որ տենում եմ, դրանք արձանագրում եմ»:

Հակառակ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվածի՝ զինվորը ոչ միայն շարունակում է պնդել, որ իրեն ծեծել են, այլև նշում է ծեծողի անունը: Մորաքրոջ փոխանցմամբ՝ դա գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանն է․ - «Էրեխան պնդում ա, որ ընկերոջ հետ խանութ են գնացել, ու էդ բաները տենց էղել ա: Ու միշտ անունը տալիս ա: Էդ խի՞ Պողոս չի ասում կամ Պետրոս չի ասում, այլ հենց Ջիվան»:

Մեղրիից Երևան հոգեկան խնդիրներով հոսպիտալ տեղափոխված զարմիկին Ռիտան տեսել է անցած հինգշաբթի: Մորաքրոջ խոսքով՝ թեև վիճակը փոքր-ինչ բարելավվել է, բայց Արթուրը պարբերաբար կորցնում է հիշողությունը․ - «Ես տասնութ տարի պահել, մեծացրել եմ, տվել եմ իրանց, իրանք ընդամենը էրկու տարի չկարեցան պահեին»:

Քննիչը Արթուրի մորաքրոջն է փոխանցել քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, որը է՛լ ավելի է խորացրել Արթուրի հարազատների կասկածները:

«Վերջում էլ նշել են նյարդային հիվանդությունը, որովհետև հիմա իրենց դա ձեռք է տալիս, որովհետև հիմա ուզում են այս ծեծի վերաբերյալ գործը փակեն: Հիմա ինչ ուզեն, կգրեն․․․ Ո՛չ նշվում ա, որ Ջիվանը խմած մտել ա ներս, ո՛չ նշվում է․․․ և այլն, և այլն», - ասաց Ռիտա Հակոբյանը։

Զինվորի ընտանիքին զայրացրել է բժիշկներից մեկի տեսակետը, թե հնարավոր է Արթուրի մոտ հոգեկան խնդիրներն ավելի վաղ են առաջացել:

Արթուր Հակոբյանի գործով զբաղվող իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար առնվազն տարօրինակ է Քննչական կոմիտեի երեկվա հաղորդագրությունը, որտեղ, ըստ Սաքունցի, զինվորի մարմնական վնասվածքների վերաբերյալ նախաքննական գաղտնիք է հրապարակվում։

«Փորձում են տանել, որ զինվորի մոտ հոգեկան առողջական այդ խնդիրները չեն հանդիսանում բռնության հետևանք: Բայց այդ դեպքում ինչպե՞ս են հոգեկան առողջական խնդիրներ առաջացել զինվորի մոտ: Եթե դուք նրան ճանաչել եք պիտանի, զորակոչել եք, նշանակում է նա առողջ է եղել: Եվ եթե հոգեկան առողջական խնդիրներ են առաջ եկել, նշանակում ա դրա պատճառները պետք է բացահայտել: Որովհետև չի կարող մարդը նորմալ պայմաններում միանգամից հոգեկան առողջական խնդիրներ ունենալ»:

Այս գործով ձերբակալվածների մասին առայժմ չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG