Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործն ուղարկվել է դատարան


Գորիսի համայնապատկեր
Գորիսի համայնապատկեր

Ավարտվել է Գորիսի «Սդղի գյոլում» Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

«Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքները պատճառվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել է Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ Քննչական կոմիտեի, ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցվել Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։

«Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յուրի Մանուչարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաև՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաև Շահում Դավթյանը, Դերենիկ Հակոբյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկ Մայիս Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մուշեղ Զաքարյանի գլխին։ Սեյրան և Էյներ Խաչատրյանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ հավելելով. -«Բացի այդ, քննության տվյալներով, նշված ծեծկռտուքի ժամանակ Յուրի Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հարություն Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս»։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

«Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG