Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյանը չի բացառում շուրջօրյա բողոքի ակցիաների անցկացումը


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ «Նոր Հայաստան» շարժման դեկտեմբերի 1-ից մեկնարկող հանրահավաքները վերածվեն շուրջօրյա բողոքի ակցիաների: Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավորն այսօր խորհրդարանի ամբիոնից էր համակիրներին կոչ անում պատրաստվել փողոցային պայքարի։

«Մենք կարող ենք մեկ շաբաթ չգնալ տուն, մնալ փողոցում, մեկ շաբաթ կարող ենք լինել ինչ-որ չափով քաղցած, ցրտից մրսել, մեկ շաբաթ կարող ենք ցույց տալ մեր միասնությունը և սկսել քաղաքական և քաղաքացիական անհնազանդության գործընթացը»,- ասաց Փոստանջյանը, ինչին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց.- «Փողոցը լավ տեղ է, ճիշտ եք ասում»։

Փոստանջյանի խոսքով, արդեն ահազանգեր կան, որ իշխող Հանրապետական կուսակցությունը ճնշումներ է գործադրում ընտրական հանձնաժողովների անդամների վրա՝ հանրաքվեն կեղծելու նպատակով: Դրա համար են իրենք մինչև քվեարկությունը սկսում ակցիաները։

«Մենք չպետք է հասնենք այդ ընտրության օրվան՝ դեկտեմբերի 6-ին, այլ մինչև ընտրությունների օրը սկսենք անհնազանդության գործողությունների միջոցով հեռացնել Սերժ Սարգսյանին և այս ապօրինի իշխանությանը»,- ասաց նա։

Մինչ այդ «Նոր Հայաստան»-ը, որի առաջնորդներից է նաև Ժիրայր Սեֆիլյանը, շարունակում է երևանյան և մարզային այցերը, այսօր շրջում էին մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում։ Երթերի ու մարզային հանրահավաքների սակավամարդությունը ընդդիմադիրներին չի վհատեցնում։

«Չկա այդպիսի մարդ, որ ասի «այո»։ Եթե երթը սակավամարդ է, դա դեռ չի նշանակում, որ դեկտեմբերի 1-ին մարդ չի լինելու, իհարկե, եթե մեր իշխանությունները այնպես լավ չաշխատեն, որ փակեն ճանապարհներ, չթողնեն մարդիկ մարզերից գան կամ վախեցնեն»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Իրինա Հարությունյանը։

Աջափնյակի բնակիչները զրուցում էին երթի մասնակիցների հետ, հարցուփորձ անում, առայժմ, սակայն, չհստակեցնելով՝ արդյոք կմասնակցեն հանրահավաքներին։

«Ես մասնակից եմ, ասելու եմ «ոչ», կողմնակից եմ ներկա իշխանությունների հեռացման։ Էնքան բան են ասել մինչև հիմա ու ոչ մի բան էլ չի եղել»։ «Ոչ, որովհետև չենք սիրում [իշխանությանը], խաբվել ենք էսքան տարի»։ ««Այո»-ն տարեք, քցեք ձորը։ Սահմանադրությունը չպիտի փոխվի, վերևում նստածների հոգեբանությունը պիտի փոխվի»,- «Ազատությանը» ասում էին Աջափնյակի բնակիչները։

XS
SM
MD
LG