Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը Թեհրանում է


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գազ արտահանող երկրների գագաթնաժողովում, Թեհրան, 23-ը նոյեմբերի, 2015թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գազ արտահանող երկրների գագաթնաժողովում, Թեհրան, 23-ը նոյեմբերի, 2015թ.

Ռուսաստանի ղեկավարն Իրանում քննարկելու է նաև Սիրիայի հարցը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ գումարվել է գազ արտահանող երկրների գագաթնաժողովը։ Նախորդ անգամ նա Թեհրան է այցելել 2007 թվականին։

Այս այցի ընթացքում նա գազի արդյունահանման և փոխադրման հարցերից բացի Իրանի ղեկավարների հետ քննարկելու է Սիրիայի թեման։

Մոսկվան և Թեհրանը Սիրիայի քաղաքացիական պատերազմում նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական հովանավորներն են։

Ռուսաստանը Բաշար ալ-Ասադին պաշտպանում է միջազգային պատժամիջոցներից, իսկ սեպտեմբերի 30-ից սկսել է օդային հարվածներ հասցնել Ասադի թշնամիներին, ընդ որում ոչ միայն և ոչ այնքան «Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական կառույցին, որքան «չափավոր ընդդիմությանը», որին աջակցում են Թուրքիան և Արևմուտքը։

Իրանը, իր հերթին, Ասադի վարչակարգին օգնելու համար զինվորական խորհրդականների խմբեր է ուղարկել Սիրիա։

Վլադիմիր Պուտինը Թեհրանում հանդիպելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին և նախագահ Հասան Ռոհանիին։ Պուտինը և Իրանի ղեկավարները քննարկելու են Սիրիայի խաղաղության ծրագիրը, որի համաձայն, Բաշար ալ-Ասադը մինչև տարեվերջ պարտավորվել է սկսել բանակցություններ իր մրցակից ընդդիմադիրների հետ։

Արդեն այսօր Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով պաշտոնապես չեղարկել է Իրանին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու արգելքը։ Այս տարվա հուլիսին Իրանը և վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Գերմանիան, Վիեննայում կնքել են իրանական միջուկային խնդրի շուրջ պատմական համաձայնագիր, որը ճանապարհ է հարթում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու և այդ երկիրը միջազգային շրջափակումից դուրս հանելու համար։

Պուտինի ստորագրած այսօրվա հրամանագրով, ռուսական ընկերություններն այլևս կարող են իրանական կողմին վաճառել միջուկային ծրագրերում կիրառվող սարքավորումներ, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական օգնություն տրամադրել Իրանի միջուկային ընկերություններին։

Բացի այդ, Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ ռուսական կողմն արդեն սկսել է S-300 տեսակի հակաօդային պաշտպանության կայանքներ փոխանցել Իրանին։ Մոսկվան և Թեհրանը նոյեմբերի 9-ին են կնքել պայմանագիր, որով իրանցիները ռուսներից գնում են այդ արդիական զենքը։

Le Figaro պարբերականի փոխանցմամբ, Պուտինն այս այցի ընթացքում նպատակ ունի «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում է՛լ ավելի մերձեցնել Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները։ Թե՛ Ռուսաստանը և թե՛ Իրանը պնդում են, որ խոսք չի կարող լինել Սիրիայում անցումային փուլում Բաշար ալ-Ասադի հեռացման մասին։ Եվ հենց այդ հանգամանքն է Փարիզի և արևմտյան մնացած մայրաքաղաքների հետ Մոսկվայի տարաձայնությունների հիմքում։

Գազ արտահանող պետությունների գագաթնաժողովի շրջանակներում Պուտինը հանդիպելու է Թուրքմենստանի և Վենեսուելայի նախագահներ Գուբանգուլի Բերդիմուհամեդովի և Նիկոլաս Մադուրոյի հետ։

Իրանցի պաշտոնակից Ռոհանիի հետ Պուտինն այս տարի արդեն երկու անգամ հանդիպել է։ Այսօր նախ տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի Իրանի և Ռուսաստանի պատվիրակությունների պաշտոնական հանդիպումը։

Մինչդեռ, այաթոլա Խամենեիի հետ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել է 8 տարի առաջ Թեհրանում` Կասպից ծովի առափնյա երկրների ղեկավարների համաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG