Մատչելիության հղումներ

Բելգիայում հատուկ գործողությունները շարունակվում են. Եվս 5 ձերբակալված կա


Ոստիկանական հատուկ գործողություն Բրյուսելի Մելենբեկ թաղամասում, 22-ը նոյեմբերի, 2015թ.
Ոստիկանական հատուկ գործողություն Բրյուսելի Մելենբեկ թաղամասում, 22-ը նոյեմբերի, 2015թ.

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ երկուշաբթին անսովոր է սկսվել Բրյուսելում: Չկան առավոտյան պիկ ժամերին հատուկ աշխուժությունը, մեքենաների հոսքը, խցանումները, փակ է մետրոն, փակ են ուսումնական հաստատություններն ու հանրային նշանակության կենտրոնները:

Բելգիայում անվտանգության բարձր աստիճանի դրություն է հայտարարված, ոստիկանական գործողությունները ընթացքի մեջ են: «Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ այսօր ևս 5 մարդ է ձերբակալվել: Այդպիսով Բելգիայում ձերբակալվածների թիվը հասավ 21-ի:

Անցած հանգստյան օրերին անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում 16 կասկածյալ էր ձերբակալվել, սակայն հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդեսլամը նրանց մեջ չէ: Նա կասկածվում է Փարիզի ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ: Նրան հաջողվել է փախչել: Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 13-ի Փարիզի հարձակումներից ժամեր անց նա Ֆրանսիայից անցել է Բելգիա: Այսօր Բելգիայի դաշնային դատախազության մամուլի խոսնակ Էրիկ վան դեր Սիփթը հաստատել է, որ Սալահ Աբդեսլամը ձերբակալվածների մեջ չէ: Հետաքննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների ինքնությունը, հայտնաբերված իրերի մասին տեղեկությունները չեն բացահայտվում, ամեն դեպքում Էրիկ վան դեր Սիփթը ասել է, որ զենք կամ պայթուցիկներ չեն հայտնաբերվել:

Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում ոստիկանները կրակ են բացել կանգնելու հրահանգին չենթարկված մեքենայի ուղղությամբ, վիրավորված վարորդը ձերբակալված է: Բելգիայի իրավապահները ոչ միայն որոնում են հետախուզման մեջ գտնվող ահաբեկչին կամ Փարիզի ահաբեկչական հարձակումներին առնչվողներին, այլև մտահոգված են, որ Բելգիայում ևս կարող են ահաբեկչական հարձակումներ իրականացվել: Այս մասին կիրակի օրը կայացած ասուլիսում ասել է վարչապետ Շառլ Միշելը:

Հնարավոր թիրախներից են համարվում կոմերցիոն կենտրոնները, հանրային տրանսպորտը, մարդաշատ վայրերը: Այսօրվա դրությամբ փակ են Բրյուսելի մետրոն, դպրոցները, համալսարանները, հետաձգվել են զանգվածային միջոցառումները, այդ թվում ֆուտբոլային հանդիպումները: Ուժեղացվել է հսկողությունը գնացքներում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում: Բրյուսելի քաղաքապետը հրահանգել է փակ պահել սրճարանները, ռեստորանները, առևտրի կենտրոններն ու հանրային հաստատությունները: Վարչապետ Շառլ Միշելը ասել է, որ երկուշաբթի ևս մեկ անգամ կգնահատեն իրավիճակը՝ նորմալ կյանքը որքան հնարավոր է շուտ վերականգնելու համար: Բրյուսելը համարվում է Եվրամիության ոչ պաշտոնական մայրաքաղաքը, որտեղ եվրոպական կառույցների կենտրոններից բացի տեղակայված է նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը:

Բելգիայում անվտանգության ուժերի գործողությունները սկսվեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների հետքերը տանում են նաև Բելգիա: Այդ հարձակումների հետևանքով 130 մարդ է սպանվել: Ֆրանսիան աշխարհի հզոր երկրների առաջնորդների հետ բանակցությունների մեջ է Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարը ուժեղացնելու համար:

Փարիզ է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Նա հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելելով «Բատակլան» համերգասրահ, որտեղ 90 մարդ է սպանվել նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակման հետևանքով:

Մեծ Բրիտանիան ևս մտադիր է միանալ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ ավիահարվածներին: Քեմերոնը ասել է, որ այդ հարցով դիմելու է խորհրդարանին՝ հավանություն ստանալու համար: Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիային առաջարկել է օգտվել Կիպրոսում գտնվող բրիտանական ավիաբազայից:

«Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարը ուժեղացնելու հարցերը Ֆրանսիայի նախագահը այս շաբաթվա մեջ քննարկելու է նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG