Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյանը բացառում է «այո»-ին քվե տալու պարտադրանքը


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյան

«Որևէ քաղաքացի պարտադրված չի գնալու քվեարկության», - ի պատասխան «Ազատության» հարցին լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ տեղակալ Մովսես Հակոբյանը՝ բացառելով նաև «այո»-ին քվե տալու պարտադրանքը:

Իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները, հիշեցնենք, մտահոգություն էին հնչեցրել, թե Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միացել է «այո»-ի քարոզարշավին: Քարոզչական տեսահոլովակում Օհանյանն իր աջակցությունն է հայտնում սահմանադրական փոփոխություններին՝ ընդգծելով, թե նոր Սահմանադրությունը կնպաստի երկրի պաշտպանունակության բարձրացմանը։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ նախարարի խոսքը դիտվելու է որպես հրաման, ուստի զինվորներին տանելու են իշխանությանը ցանկալի քվեարկության:

«Ազատության» հարցին, թե կարո՞ղ է վստահեցնել, որ զինծառայողներին չեն պարտադրելու կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, Հակոբյանն արձագանքեց․ - «Կարաք վերահսկեք այդ հնարավորությունը: Վերահսկողության ամենից մեծ հնարավորությունը դուք ունեք»:

Մովսես Հակոբյանը, ով մինչև այս տարվա հունիսը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնը, թեև չցանկացավ բարձրաձայնել իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում, այդուհանդերձ նշեց, թե չի կիսում փոփոխությունների հետ կապված ընդդիմադիրների մտահոգությունները․ - «Որպես զինվորական ինձ չի թույլատրվում, արգելված է ի պաշտոնե»:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հակոբյանը չկիսեց ընդդիմադիրների մտահոգությունը, թե առաջարկվող փոփոխություններով պատերազմական գործողությունների ժամանակ որոշումներ կայացնելու լիազորությունը տարրալուծվելու է մի քանի թևերի միջև, ինչն անորոշություն է ստեղծելու: «Զինված ուժերի կառուցվածքը այնպիսին է, որ հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ [այդ թվում սահմանադրական փոփոխություններն ընդունվելու պարագայում] կայուն ղեկավարել», - նշեց նա:

Ի դեպ, լրագրողները հարց հնչեցրեցին, թե ինչպես է վերաբերում այն իրողությանը, որ «Ոչ»-ի ճակատի հիմնական ուժերից մեկի՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության համակարգողը իր քրոջորդին է:

«Արմենի ազգանունը Գրիգորյան ա, և անունը՝ Արմեն: Իմ ազգանունը Հակոբյանը ա, և անունս՝ Մովսես», - արձագանքեց նա:

Մովսես Հակոբյանի հավաստիացումները վստահություն չեն ներշնչում իրավապաշտպաններին և ընդդիմադիրներին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ նախորդ ընտրությունների ժամանակ իրենք մշտապես ահազանգեր են ստացել, որ Զինված ուժերում քվեարկում են հրամանով և ի օգուտ իշխանության:

Սաքունցի համոզմամբ՝ այն, որ Պաշտպանության նախարարը հանդես է գալիս քարոզչական տեսահոլովակում՝ պաշտպանելով սահմանադրական փոփոխությունները, արդեն իսկ ապացուցում է, որ նման ռիսկեր այսօր էլ կան․ - «Պաշտպանության նախարարի անձնական դիրքորոշումը, ցանկությունը ընկալվելու է որպես հրաման ամբողջ անձնակազմի համար․․․ Ընդհանրապես այն կառույցները, որտեղ կա հրաման և հրամանի ենթակայություն, այդտեղ քաղաքական զսպվածությունը առավել քան պահանջված է: Եվ պետք է նման կառույցների ղեկավարները քաղաքական տեսակետից շատ ավելի զուսպ լինեն»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես հիշեցնում է, որ Հայաստանի զինված ուժերը մշտապես ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում․ - «Մենք տեսել են դա և՛ 1996 թվականին, տեսել ենք 2006 թվականին, ինչպես արդեն նաև հրամանագրով ինչպես էին զինված ուժերը ներգրավված այս քաղաքական գործընթացներում»:

Հակադարձելով Մովսես Հակոբյանի պնդմանը, թե որևէ պարտադրանք չի լինելու և կան բանակում օբյեկտիվ քվեարկությունը վերահսկելու հնարավորություններ, Փոստանջյանն ասաց․ - «Մենք առաջին անգամ չենք մասնակցում ընտրությունների: Մշտապես տեսել ենք, թե ինչպես է կիրառվում և՛ ճնշումը, և՛ բռնությունը, և՛ բիրտ ուժը, և՛ բաց քվեարկությունները․․․ Այս բացասական օրինաչափությունը որպեսզի կյանքի չկոչվի, միակ ճանապարհը լուրջ ընդդիմանալն է փողոցներում, լուրջ քաղաքական և քաղաքացիական ընդվզման ալիքներն են: Եթե մենք դրան կարողանում ենք հասնել, ապա իրենք կնահանջեն։ Եթե ոչ՝ ապա իրենք բոլոր միջոցները օգտագործելու են, որպեսզի կեղծեն արդյունքները»:

XS
SM
MD
LG