Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային կարճատև այցով կմեկնի Իրան, որտեղ կմասնակցի գազ արտադրող երկրների միջազգային ֆորումին։
Պուտինը հանդիպումներ կունենան Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ։ «Չի բացառվում, որ գագաթնաժողովի շրջանակում Պուտինը նաև մի շարք այլ երկկողմ հանդիպումներ ունենա մասնակից երկրների ղեկավարների հետ», - հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Մասնավորապես հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը կհանդիպի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Ավելի վաղ, այցի մասին որոշ մանրամասներ էր հայտնել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Առաջին և վերջին անգամ Պուտինը որպես երկրի նախագահ Իրան է այցելել 2007 թվականին և հանդիպել Ալի Խամենեիի հետ», - ասել է նա։
Ուշակովը նաև հայտարարել է, որ Թեհրանում կայանալիք բանակցությունների օրակարգում են Իրանի միջուկային ծրագիրը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Բացի այդ, քննարկվելու է համագործակցությունը ատոմային էներգետիկայի, էներգակիրների և ռազմատեխնիկական ոլորտում», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Կրեմլի փոխանցմամբ՝ ռուս-իրանական հարաբերություններն ավանդաբար հիմնված են բարեկամության վրա, դրանք «բազմակողմանի և վստահելի են»։
Նախատեսված է, որ այցի շրջանակում ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ նաև որոշ քաղաքացիների համար վիզայի դյուրացման մասին համաձայնագիրը և կորպորատիվ պայմանագրեր։
Պուտինին Իրանում ուղեկցում են «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինն ու «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Նշենք, որ անցած շաբաթ Միացյալ Նահանգները հանեց իրանական նավթի վաճառքի էմբարգոն, և այսօր Իրանը միջազգային շուկա է հանում իր նավթը, ինչը, փորձագետների գնահատմամբ, է՛լ ավելի կնվազեցնի նավթի գինը։ Սա ամենևին ձեռնտու չէ Ռուսաստանին։ Այդուամենայնիվ, Իրանը շարունակում է մնալ Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկը տարածաշրջանում։