Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն Սահմանադրության փոփոխությունը «շատ լուրջ ներպետական ռեֆորմ» է համարում


Այն պետությունները, որոնք անցել են պառլամենտական կառավարման մոդելի, ավելի ժողովրդավար են, ասում է Վահե Էնֆիաջյանը։

Հանրաքվեին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը կարևորում է ժողովրդի հետ հանդիպումները Հայաստանի ողջ տարածքում՝ մայրաքաղաքում և բոլոր տասը մարզերում։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Նրա փոխանցմամբ՝ խմբակցության պատգամավորների, քաղաքական խորհրդի ներկայացուցիչների կողմից այս ուղղությամբ արդեն մեծ ծավալի աշխատանք է տարվել։ «Բայց գտնում ենք, որ լայնածավալ աշխատանք դեռ սպասվում է։ Եվ կարծում եմ՝ մինչև ամսի 6-ը մեր երկրի քաղաքացիներն ավելի լավ են հնարավորություն ունենում ծանոթանալու փաստաթղթի հետ», - ասաց ԲՀԿ խոսնակը։

Նախկինում սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող ԲՀԿ-ն այսօր արդեն Սահմանադրության փոփոխությունը «շատ լուրջ ներկուսակցական, ներքաղաքական, ներպետական ռեֆորմ» է համարում։

«Ամբողջ աշխարհում, երբ որ վիճակագրական տվյալները դնում ես և սկսում ես համադրել, նախագահական և կիսանախագահական հանրապետությունները, պետությունները, որպես այդպիսին, նրանք ավելի նվազ ժողովրդավարական սկզբունքներ ունեն, միջազգային կարևորագույն, հեղինակավոր կազմակերպությունների կողմից երբ որ հրապարակումները տեղի են ունենում։ Եվ այն պետությունները, որոնք անցել են պառլամենտական կառավարման մոդելի, նրանք ավելի ժողովրդավար են, և նրանց երկրում տնտեսական աճը շատ ավելի դինամիկ է զարգանում։ Սա կոնկրետ փաստ է», - ասաց Էնֆիաջյանը։

Հարցին, թե հանդիպումների ժամանակ, օրինակ, քաղաքացիները հիշեցնո՞ւմ են, որ ԲՀԿ-ն ամիսներ առաջ դեմ էր այս նախագծին, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. - «Դուք ձեր ձևակերպման մեջ այլ ձևակերպում տվեցիք, քանի որ դա այն ժամանակահատվածն էր, երբ որ փաստաթուղթը չկար դեռևս, և մենք խոսում էինք ժամանակավրեպ լինելու մասին։ Երբ որ այս տարվա ապրիլին ներկայացվեց փաստաթուղթը, նաև մեր կողմից ներկայացվեցին առաջարկություններ, որոնք ընդունվեցին, և այս նախագծում արդեն իսկ մեր կողմից առաջարկություններ կան ներառված, նաև կան կետեր, որոնք մեր առաջարկությամբ հանվել են, որոնց հետ կապված մենք մեր մտահոգություններն ունեցել ենք։ Մենք այլևս որևիցե խնդիր չենք տեսնում նման փաստաթղթին դեմ լինելուն։ Մենք նման փաստաթղթին միայն կարող ենք ասել այս գործընթացից հետո, այս զարգացումներից հետո՝ միայն «այո»։

Մեկ այլ հարցի, թե այսօր նորից կարո՞ղ են պնդել, որ ամենաշատ քննադատվող դրույթը՝ իշխանության վերարտադրության մասով, ԲՀԿ-ին այլևս չի անհանգստացնում, Էնֆիաջյանը պատասխանեց. - «Վերարտադրության մասով, ես կարծում եմ, որպես քաղաքական բանաձև՝ յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը գործող իշխանության մեջ իր մասն է կազմում, խորհրդարանական ուժ է, էս կերպով ձևակերպենք, նա ցանկություն ունի վերարտադրվելու և ուզում է էլի խորհրդարանական ուժ լինել, ուզում է կառավարության մաս կազմել, այսինքն՝ իր ծրագրային դրույթները իր ներքին կադրային ռեսուրսով իրականություն դարձնել։ Այս պարզ բանաձևն է քաղաքական, և այս հարցում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ իշխանությունը բացառություն չեն»։

Հարցին, թե տեսանելի ապագայում «Բարգավաճ Հայաստան»-ը իրեն տեսնո՞ւմ է իշխանության մաս՝ Հանրապետական կուսակցության հետ դաշինքով, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. - «Մենք այսօր մեր օրակարգում նման հարց չենք դնում»։

XS
SM
MD
LG