Մատչելիության հղումներ

Կառավարությունը կաջակցի կարկտահարությունից և քամիներից տուժած համայնքներին


Գյուղ Լոռու մարզում, արխիվ
Գյուղ Լոռու մարզում, արխիվ

Կառավարությունն այսօր որոշել է ներել Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած համայնքներին 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերը։

«Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասները, որի արդյունքում հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված հողօգտագործողների գումարների հետ վերադարձը ներել», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Կառավարությունն այսօր որոշել է նաև մարզերում քամու հետևանքները վերացնելու համար մարզպետարաններին հատկացնել ընդհանուր առմամբ շուրջ 902 միլիոն 448 հազար 200 դրամ՝ մարզային և համայնքային ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով։

Հաղորդագրությունում նշված է, որ նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ են հասցվել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչների ու պետական և համայնքային նշանակության շինություններին:

Հարցին արագ լուծում տալու համար վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կիրառել ոչ թե մրցութային, այլ բանակցային ընթացակարգ՝ առանց հայտարարության:

Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել նաև խնդրի լուծման համար պահանջվող գումարի վերաբերյալ: «Հայաստանի նախագահի հետ քննարկել ենք այս հարցը և որոշում կայացրել, որ աջակցենք: Բայց դա պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր», - ասել է Աբրահամյանը և առաջարկել ստեղծել հանձնաժողով, աշխատանքային խմբեր, որոնք կլինեն մարզերում, համայնքներում և տեղում կճշտեն վնասի իրական չափերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG