Մատչելիության հղումներ

Ամերիկյան աջակցությունը «Հայաստանին արտաքին ազդեցությունից զերծ պահելու նպատակ ունի»


ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Բրիջիթ Բրինքը մամլո ասուլիսի ժամանակ, Երևան, 18-ը նոյեմբերի, 2015թ․
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Բրիջիթ Բրինքը մամլո ասուլիսի ժամանակ, Երևան, 18-ը նոյեմբերի, 2015թ․

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի խոսքով, իր այցի հիմնական նպատակը տնտեսական համագործակցության ամրապնդումն է:

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան աջակցության նպատակն է զերծ պահել նորանկախ պետությունը արտաքին ազդեցությունից: Այսօր Երևանում՝ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ասուլիսին նման հայտարարություն արեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:

«Մեր ողջ դիվանագիտական աջակցությունը, օժանդակության ծրագրերը հենց այս խնդրին են ուղղված: Մի քանի բան իրապես կարևոր են: Պետք է քայլեր արվեն ժողովրդավարական և տնտեսական զարգացումների ուղղությամբ»,- ասաց Բրինքը և հավելեց՝ «սակայն կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր է, մենք շատ ջանքեր ենք գործադրում՝ աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի քայլերին, որն օգնում է Հայաստանը արտաքին ազդեցությունից պաշտպանելուն, դա նաև կօգնի Հայաստանին՝ կառուցել իր տնտեսությունը և զարգանալ ժողովորդավարության ուղիով»:

Բրիջիթ Բրինքը և Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը համակարգող Ալինա Ռոմանովսկին Երևանում են՝ մասնակցելու վաղը կայանալիք՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին: Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը:

Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության, մասնավորապես, երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող՝ սպասվող պայմանագրի առնչությամբ Բրինքը նշեց․

«Դա մեր այցի հիմնական նպատակն է, և ես շատ լավատես եմ այդ հարցում: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը, որն արդեն 20-ից ավելի նիստեր է անցկացրել, տնտեսական աջակցության հարցերի քննարկումից առաջ է շարժվել և այժմ քննարկվում է առևտրի ու ներդրումների մեծացման հարցը: Ինչ վերաբերում է կրկնակի հարկումը բացառող պայմանագրին վերաբերող հարցին, ասեմ, որ աշխատանքային խմբի վաղը կայանալիք նիստում մենք քննարկելու ենք այն: Շարունակելու ենք այդ հարցի լուծմանը միտված աշխատանքները՝ օգտագործելով բոլոր հնարավոր գործիքները՝ նպատակ ունենալով նաև ամրապնդել երկկողմ տնտեսական կապերը և հասնել առևտրի ու ներդրումների մեծացմանը»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանն ու շփման գծում լարվածության աճին՝ Բրիջիթ Բրինքն ասաց․

«Մեր գլխավոր նպատակն է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, և այն քայլերը, որ նրանք անում են՝ նվազեցնելու համար լարվածությունը և աջակցելու կողմերի միջև բանակցություններին: Համանախագահների ջանքերը իրապես շատ կարևոր են, և ես ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը սերտորեն աշխատում ենք դեսպան Ուորլիքի հետ այդ ուղղությամբ: Մենք շարունակելու ենք մեծապես աջակցել համանախագահների ջանքերին՝ խուսափելու համար հնարավոր ռազմական գործողություններից»:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներին այսօր ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախատեսվում է, որ նրանց կընդունի նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG