Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են կոորդինացնել երկու երկրների ջանքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այդ մասին երեկ՝ նոյեմբերի 17-ին, հայտնել են Կրեմլի և Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունները։
Երկու պետությունների ղեկավարները ահաբեկչության դեմ պայքարը քննարկել են հեռախոսով։
Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանումից և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են համագործակցել և միասին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրուցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Երեկ Ռուսաստանի նախագահը ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել է ֆրանսիական կողմի հետ մշակել ահաբեկիչների դեմ պայքարի միասնական պլան։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է հանդիպել և քննարկել ահաբեկիչների դեմ պայքարը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հետ։
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ֆրանսուա Օլանդը Մոսկվա կժամանի մյուս շաբաթ՝ նոյեմբերի 26-ին։
Հիշեցնենք, երեկ Մոսկվան պաշտոնապես հաստատեց, որ հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է։ Մոսկվան նույնիսկ 50 միլիոն դոլար խոստացավ նրան, ով մանրամասներ կհայտնի այս ահաբեկչության մասին։
«Իսլամական պետության» դեմ պատերազմում Մոսկվան մտադիր է համագործակցել նաև Միացյալ Նահանգների հետ։ Վաշինգտոնը, սակայն, կարծես թե չի շտապում այս հարցում։ «Ամերիկացի կոլեգաները համագործակցությունից հրաժարվում են, իսկ Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ», - երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։