Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ կործանված օդանավի բեկորների վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութերի հետքեր: Բորտնիկովը նշել է, որ ավիաաղետի պատճառ է դարձել տրոտիլային համարժեքով մինչև 1 կիլոգրամ հզորությամբ ինքնաշեն սարքի պայթյունը:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կգտնի ահաբեկիչներին մոլորակի ցանկացած կետում և կպատժի: Նա վստահեցրել է, որ ռուսական օդանավի նկատմամբ ահաբեկչության մեղավորները հայտնաբերվելու և պատժվելու են, և հանձնարարել է հատուկ ծառայություններին կենտրոնանալ այդ ոճրագործությանն առնչություն ունեցած անձանց որոնումների վրա:
Ռուսաստանի նախագահը նաև պահանջել է ուժեղացնել ռազմական գործողությունը Սիրիայում:
Հիշեցնենք՝ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող ինքնաթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 224 մարդ: Պաշտոնական Մոսկվան մինչ այժմ դեռ չէր հաստատում, որ ավիաաղետի պատճառը ահաբեկչությունն է։
Տե՛ս նաև այստեղ