Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն «ահաբեկչական բնույթ ունեցող» է որակում Ադրբեջանի գործողությունները


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

«Տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու, մեղավորները պատժվելու են»,- հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում և ահաբեկչական բնույթի է համարում Ադրբեջանի գործողությունները, որոնց հետևանքով երեկ երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղության առաջնագծում զոհվել են երկու զինծառայողներ՝ 20-ամյա Վահե Վանոյանը և 19-ամյա Միքայել Թորոսյանը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը այսօր տարածած հայտարարությունում նշում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման, և հավելում, որ այս գործողությունները անհետևանք չեն մնալու, մեղավորները պատժվելու են:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց՝ երեկվա միջադեպը հրադադարի խախտման հետևանք է, շփման գծում լարվածությունն ավելացել է Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո:

«Ես պարզապես դա կապում եմ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետ։ Հիմնականում ադրբեջանական կողմը անընդհատ առաջնային գծում փորձում է լարվածություն պահպանել։ Այդ լարվածությունը պահպանում է տարբեր միջոցների կիրառմամբ՝ սկսած հրաձգային զինատեսակներից մինչև խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ կիրառելով։ Կոնկրետ այս դեպքը այդ հրադադարի խախտման արդյունք է։ Բայց կայուն լարվածությունը միշտ էլ պահպանվում է։ Պարզապես Ադրբեջանի Մեջլիսի ընտրությունների հետ կապված մի փոքր հանգստություն նկատվեց։ Դա մեզ համար սպասվող հանգստություն էր, իսկ ընդհանուր առմամբ՝ սկսած անցած տարվա օգոստոսից ադրբեջանական կողմը անընդհատ փորձում է լարվածություն պահպանել և գնալով ավելացնել»,- ասաց Հասրաթյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ էլ շեշտվում է, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո, ինչը ևս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:

Զոհված զինծառայողներ Վահե Վանոյանը ու Միքայել Թորոսյանն այսօր Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով՝ Ղարաբաղի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:

Վահե Վանոյանը զորակոչվել էր Շիրակի մարզի Արևիկ գյուղից։ Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը պատմեց, որ նա մեկ ամսից՝ դեկտեմբերի 12-ին պետք է զորացրվեր:

«Լավ զինվոր էր, շատ պատվոգրեր ուներ, մեդալներ, մի 15-20 օր առաջ էր զանգել, ծնողներին ասել, որ մեկի կյանքը փրկել է, մեդալ են տվել և 10 օր արձակուրդ, բայց արձակուրդը չի գա։ Չէր ուզել գար, թե «մի ամիս է մնացել»։ Ամբողջ գյուղով սգի մեջ ենք»,- ասաց գյուղապետը։

Պատասխանելով հարցին, թե կառավարությունը որևէ փոխհատուցում նախատեսե՞լ է զոհված զինծառայողի ընտանիքի համար, գյուղապետն ասաց.- «Մարզպետարանում եղել եմ, մարզպետն ասել է, որ կօգնի։ Ես ներկայացրեցի ընտանիքի վիճակը, ես էլ ինչքան հնարավորություն ունեցա, ես էլ կօգնեմ»։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը կարծում է՝ Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածությունն ավելացնելն այս փուլում պատահական չէ, սա ուղերձ է Ղարաբաղի հարցի շուրջ նկատվող ակտիվությանն ու հատկապես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին. Ադրբեջանը ցույց է տալիս՝ որն է իր համար ոչ շահավետ փոփոխությունների իր պատասխանը:

«Դա միանշանակ հատուկ հրամանով արված գործ է, արդեն իսկ երևում է։ Ադրբեջանի կեղտոտ ներդրումն է այս իրավիճակում և զուտ քաղաքական նշանակություն ունեցող ակցիա է։ Մենք արդեն սովորել ենք դրան, Ադրբեջանը երբեք էլ չի թաքցնում, որ ցանկացած պահի իր խոսքը դա է»,- ասաց վերլուծաբանը։

Մանվել Սարգսյանը չի կարծում, թե Ադրբեջանը կգնա պատերազմ վերսկսելու քայլին, սակայն կարող է «հատուկ վնասակար բաներ անել».- «Փոքր երեխան ասում է՝ կոնֆետը չտաս, թեյը կթափեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG