Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցին, թե, ըստ ռուսական մամուլի, հայկական կողմի հետ քննարկվում է տարածքների զիջման հնարավորությունը՝ կարծիք հայտնեց, որ բանակցություններում քիչ հավանական է այնպիսի մոտեցման որդեգրումը, որը «կողմերից որևէ մեկի համար ընդունելի չէ»:
Դեսպանը նշեց՝ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ամեն ջանք ներդնում է հակամարտությունը խաղաղ բանակցային տարբերակով լուծելու համար․ - «Մինսկի խումբն աշխատում է առաջ քաշված առաջարկությունների շուրջ: Բնականաբար շատ կարծիքներ ու առաջարկություններ արտահայտվեցին, մանավանդ հասարակության շրջանում շշուկների մակարդակով շատ ինֆորմացիա շրջանառության մեջ մտավ: Ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր ենթադրությունները, որոնք այսօր շրջանառվում են: Պարզապես կասեմ հետևյալը՝ հիմնական մոտեցումը սա է․ հանգել այնպիսի մի լուծման, որը երկու կողմի համար էլ ընդունելի կլինի: Երևի թե չի կարող խոսք լինել այն մասին, որ մենք ընդունենք մի այնպիսի մոտեցում կամ ենթադրություն կամ վարկած, որը կողմերից որևէ մեկի համար ընդունելի չէ»:
Դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխող վերնախավից հնչում են կարծիքներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չէ, իսկ Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, անկողմնակալ չէ, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն արձագանքեց․ - «Նախ ես համաձայն չեմ, որ բոլորը այդ երկրում այդ կարծիքն են կիսում: Եվ, իմիջիայլոց, Մինսկի խումբը օժտված է ԵԱՀԿ-ի յուրահատուկ մանդատով, որը տալիս է գործելու այդ իրավասությունը: Այսօրվա դրությամբ, որքանով ես եմ տիրապետում տեղեկատվությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխության ենթակա չէ: Յուրաքանչյուր մարդ ազատ է մտածել այնպես ինչպես ուզում է: Այսօր մենք դեռ շշուկների փուլում ենք»: