Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները երեկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորներից մեկի մոտ 13 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել:
«Նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը Սան Պաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած Լեհաստանի քաղաքացի, 1980թ. ծնվ. Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրանյութ», - ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում, - «Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն ԱՄՆ դոլարը:
Դեպքի առթիվ ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի` «մաքսանենգություն», և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ «թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով» հատկանիշներով:
Ռաֆալ Զելբերտը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
«ՀՀ Ազգային անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավորխմբավորումների փորձերի դեմ», - ասված է հաղորդագրությունում: