Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում երեկ ստացվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, համաձայն որի՝ նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մութաֆյանի դին, հիշեցնենք, հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին՝ Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկի լոգասենյակում։
Ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների՝ Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։ «ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին», - ասված է հաղորդագրությունում:
Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, նշում է Քննչական կոմիտեն: