Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է համայնքների խոշորացում նախատեսող օրինագծին


Մինչդեռ օրինագիծը հեղինակած կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը պնդում են, թե դա է իրավիճակը բարելավելու լավագույն ճանապարհը:

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզի մի շարք համայնքների միավորումը է՛լ ավելի կխորացնի ճգնաժամը ինքնուրույն համայնքի կարգավիճակից զրկվելիք գյուղերում:

Մինչդեռ համայնքների խոշորացումը նախաձեռնած կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը պնդում են, թե դա է իրավիճակը բարելավելու լավագույն ճանապարհը:

Ազգային ժողովի արտահերթ նիստում համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի քննարկմանը Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) ասաց․ - «Խոշորացնե՞լ, թե՞ ոչ: Այս հարցը չի կարող քննարկվել: Միջազգային պրակտիկան ցույց է տվել՝ խոշորացումը աներկբա է: Խոշորացմամբ մենք ստեղծում ենք և՛ համակարգային, և՛ ֆիսկալ առումով լուրջ հնարավորություններ այդ բնակավայրերում տեղական նշանակության խնդիրները լուծելու առումով»:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, վստահ է, որ օրինագիծն ընդունվելու դեպքում էականորեն կնվազի բնակիչների դերը տեղական իշխանություն ձևավորելու գործընթացում․ - «Ծրագրի իրականացումը նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը»:

Նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ միավորվող համայնքների մեջ մինչև երեք հազար բնակիչ ունեցող գյուղեր կան, և միավորման դեպքում այդ գյուղերում կվերանա ինքնակառավարման համակարգը:

Պատգամավոր Ստեփան Մարգարյանը («Բարգավաճ Հայաստան») հակադարձեց, թե փոքր գյուղերում անհնար է գործող մեխանիզմներով տեղական ինքնակառավարման նորմալ համակարգ ունենալ․ - «Դուք չեք կարող մի քանի հարյուր բնակչություն ունեցող գյուղում ունենալ կատարյալ ինքնակառավարման համակարգ: Էլ չեմ ասում մի քանի տասնյակ բնակչություն ունեցողներում»:

Հայաստանի երեք մարզերի 22 համայնքներում այս տարվա մայիսի 17-ին տեղի ունեցավ տեղական հանրաքվե՝ պարզելու բնակչության կարծիքը որոշ դեպքերում միմյանցից բավականին հեռու գտնվող 7-8 համայնքների միավորման մասին։

Ընդհանուր առմամբ կողմ քվեարկածների թիվն ավելի մեծ է։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շեշտում է, սակայն, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով արդյունքները դրական են համարվում, եթե կողմ է ընտրողների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը․ - «Լոռու մարզում միայն Թումանյանն է ութ համայնքից, որ ապահովում է այդ մեկ երրորդի պահանջը: Տավուշի մարզում միայն Աղավնավանքը և Խաչարձանն են ութից, որ մեկ երրորդը բավարում են: Այսինքն մենք ինչ ենք անում․ մենք մե՞զ ենք խաբում»:

Ընտրողների մեկ երրորդը ամբողջությամբ կողմ է քվեարկել միայն Սյունիքի մարզում։ Ըստ հրապարակված արդյունքների, երկու գյուղերում անգամ խոշորացմանը դեմ քաղաքացիներ չեն եղել, ինչն ընդդիմադիր պատգամավորները կասկածի տակ են առնում։

Խորհրդարանում ծավալված մտքերի փոխանակումից հետո ելույթ ունեցավ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը․ - «Հիմա լա՞վ ենք անում, թե՞ վատ: Ես համոզված եմ, որ լավ ենք անում: Ռիսկեր, իհարկե, կան, որ մենք պիտի փորձենք չեզոքացնել»:

Օրինագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվելու վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG