Մատչելիության հղումներ

Ալիևը հետևել է S-300 համակարգերի մարտական հերթապահության ընթացքին


Ադրբեջան - Ռուսական S-300 Favorit հակաօդային պաշտպանության համակարգը Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ադրբեջան - Ռուսական S-300 Favorit հակաօդային պաշտպանության համակարգը Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Նույն այն օրը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ռուսաստանի միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մասին կարգադրություն ստորագրեց, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը որոշեց անձամբ ստուգել իր երկրի հակաօդային պաշտպանության համակարգում տիրող կացությունը:

Երեկ կեսօրին Ադրբեջանի նախագահը ժամանեց զինված ուժերի զորամասերից մեկը, որի տեղակայման վայրը, ի դեպ, տեղական լրատվամիջոցները համառորեն չեն բացահայտում: Մի քանի ժամ տևած այցելության ընթացքում Ալիևին ուղեկցում էր Ադրբեջանի զինված ուժերի ողջ հրամանատարական կազմը` այդ թվում գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադիխովը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի պետական լրատվական գործակալության` Azertag-ի տարածած կադրերից դատելով` Իլհամ Ալիևը այցելել է հակաօդային պաշտպանության զորամաս․ համացանցում տեղադրված չորս րոպե տևողությամբ տեսանյութում մանրամասնորեն կարելի է տեսնել Ռուսաստանից ձեռք բերված նորագույն հրթիռային համակարգերը: «Պետության ղեկավարը ծանոթացավ S-300 PMU Favorit տեսակի զենթիահրթիռային բրիգադի պրակտիկ գործողություններին, հետևեց անձնակազմի մարտական հերթապահության ընթացքին», - հաղորդում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ ռուսական արտադրության C-300 (լատինատառ գրությամբ՝ S-300) հրթիռային համակարգերը՝ ընդհանուր առմամբ երկու դիվիզիոն, Ադրբեջանի կողմից ձեռք են բերվել 2010-ի ամռանը: Մոսկովյան “Ведомости” օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանը ռուսական “Рособоронэкспорт” ընկերությանը S-300 համակարգերի դիմաց վճարել է առնվազն 300 միլիոն դոլար: 2010-ի դրությամբ S-300 համակարգերի վաճառքը Ադրբեջանին ռուսական արտադրության զենքի` նախկին խորհրդային հանրապետությունների միջև իրականացված խոշորագույն գործարքն էր:

Հակաօդային պաշտպանության զորամաս կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևին երեկ ցուցադրել են նաև «սեպտեմբերի 15-ին Աղդամի մերձակայքում խոցված X-55 մակնիշի հայկական անօդաչու սարքի բեկորները»: Նշենք, սակայն, որ հայկական կողմը դեռ սեպտեմբերին էր հերքել անօդաչու սարքի կորստի փաստը: «Հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն», - հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը հակաօդային պաշտպանության զորամաս էր այցելել Աղդամում հայկական Մի-24 ուղղաթիռի խոցման առաջին տարելիցից բառացիորեն մեկ օր առաջ: Հիշեցնենք՝ «Միասնություն 2014» անվանումը կրող զորավարժություններին մասնակցող Մի-24-ը ադրբեջանցիները 2014-ի նոյեմբերի 12-ին խոցեցին շարժական զենիթային կայանքից, զոհվեցին ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG