Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն անցած շաբաթավերջին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլերեն հապավումը՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը: Ինչպես նշված է հիմնադրամի հաղորդագրությունում, դա տալիս է 11.74 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (շուրջ 16.3 միլիոն դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 35.22 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 48.9 միլիոն դոլարի): 82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 114.1 միլիոն դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտին:
Ավարտելով ամփոփիչ ստուգումը, ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների՝ Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) զուտ միջազգային պահուստների (ԶՄՊ), զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) և բյուջեի պակասուրդի 2015 թվականի հունիսի վերջի կատարողական չափորոշիչների (ԿՉ) չկատարման, ինչպես նաև իշխանությունների կողմից բազմարժութային պրակտիկայի (ԲԱՊ) չսահմանման կամ փոփոխման վերաբերյալ ԿՉ ժամանակավոր չկատարման համար բացառություն անելու դիմումին: Միաժամանակ, իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության գործողություններն օգնել են կանխել հավանական անկանոն ճշգրտումն ու ապահովել կայունություն և տնտեսական աճ, ասված է հաղորդագրությունում:
Գործադիր խորհրդի՝ Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Միցուհիո Ֆուրուսավան ասել է․
«Ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել սպասվածից թույլ արտաքին պայմանները և ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Իշխանությունների կողմից քաղաքականության միջոցով արձագանքն օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, սակայն դժվարին հեռանկարը պահպանվում է: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների և քաղաքականության համար հնարավորությունների վերաստեղծման և Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն իրականացնել համաձայնեցված միջոցառումները:
«Առաջիկայում կկարևորվի վերադարձը փոխարժեքի ավելի մեծ ճկունությանը և միջամտությունների սահմանափակումը՝ բուֆերները պահպանելու և ամրապնդելու և արտաքին ճշգրտմանն օժանդակելու համար: Դրամավարկային քաղաքականությունը պետք է ուշիուշով ճշգրտվի՝ գների կայունությունը պահպանելու համար: Դրամավարկային պայմանների բնականոնության աստիճանական վերականգնման միջոցով 2014 թ. սահմանված արտակարգ միջոցառումների դադարեցումը կօժանդակի նաև բանկային վարկավորման և աճի վերականգնմանը: Հասարակության, գործարար համայնքի և այլ շահագրգիռ կողմերի հետ քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ հաղորդակցության կատարելագործումը կկարևորվի քաղաքականության արձագանքների շուրջ համաձայնություն ձևավորելու համար:
«Ակտիվությանն օժանդակելու համար հարկաբյուջետային պայմանների թուլացման ժամանակահատվածից հետո պարտքի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի հարկաբյուջետային կոնսոլիդացում: Ճշգրտումը պետք է շեշտադրի եկամուտների ավելացումը՝ կապիտալ ու սոցիալական ծախսերը պաշտպանելու և միջնաժամկետ հատվածում աճը սատարելու համար: Նոր հարկային օրենսգիրքը տալիս է հարկման բազան ընդլայնելու հնարավորություն՝ վերացնելով արտոնությունները և անդրադառնալով բացերին և ըստ այդմ օժանդակելով ինչպես կոնսոլիդացմանն, այնպես էլ աճը խթանող ծախսերին:
«Բանկային համակարգը մնում է կայուն, իսկ ճգնաժամերի պատրաստվածության և կառավարման ծրագրերի ուժեղացումը ֆինանսական համակարգը կդարձնի ավելի կուռ: Էլեկտրաէներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ծրագրերի ներդրումը և մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները շարունակում են կարևորագույն նշանակություն ունենալ խոցելիությունների կրճատման և լայնահեն աճը սատարելու համար»: