Մատչելիության հղումներ

Նորակառույց շենքի մուտքում պահակակետ է տեղադրվել


Բնակիչներն ու ոստիկանները Պուշկինի 51/1 շենքի մոտ:
Բնակիչներն ու ոստիկանները Պուշկինի 51/1 շենքի մոտ:

Երևանի կենտրոնի նորակառույցներից մեկի մուտքում այսօր ոստիկանների հսկողությամբ պահակակետ և երկաթյա դուռ տեղադրվեց՝ այս շենքում բնակարաններ ձեռք բերելու համար տասնյակ հազարավոր դոլարներ վճարած քաղաքացիների մուտքը արգելափակելու համար:

Պուշկինի 51/1 շենքի շուրջ հինգ տասնյակ բնակարանների կեսը բնակեցված է, չնայած սեփականության վկայականներ չունեն։ Մյուս կեսի գնորդները, որոնք արդեն ներքին հարդարման աշխատանքներ են կատարել, ջեռուցման համակարգեր տեղադրել, բայց դեռ չեն տեղափոխվել նոր բնակարաններ, այլևս չեն կարողանա մտնել շենք։

Բողոքող գնորդներից մեկն ասաց․ - «Ինչի՞ պետք ա մի մուտքը ապրի, մենք չէ․․․ էնտեղ պաշտոնատար անձինք են ապրում, մարզպետներ են ապրում»:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին անդամ Անդրանիկ Խալոյանը անձամբ էր հետևում շենքի մուտքն արգելափակելու աշխատանքներին՝ անտեսելով հավաքված բնակիչների բողոքները։

Խալոյանը պնդում է, որ ինքը տարածքի օրինական սեփականատերն է։ Ժամանակին շինարարի հետ պայմանագիր է կնքել, նրան վստահել 47 բնակարանների կառուցումը, սակայն շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Պապոյանը խարդախությամբ տասնյակ հազարավոր դոլարներ է յուրացրել ու առանց իր գիտության քաղաքացիների հետ առուվաճառքի պայմանագրեր կնքել։

«Ինքը իրա կնիքով տվել ա չեկեր, գումարները վերցրել ա: Չգիտեմ ինչ համաձայնության գալով նոտարի աշխատողի հետ, տվել ա նախնական պայմանագիր: Էս մարդիկ էլ առանց նայելու՝ ինքը էդ իրավունքը ուներ, չուներ․․․ Մի հատ չե՞ս նայում՝ էդ ի՞նչ կնիք ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խալոյանը:

Շինարարական կազմակերպության ղեկավարն այժմ դատապարտված է, պատիժ է կրում կալանավայրում, բայց բնակիչները պնդում են. եթե խարդախություն է տեղի ունեցել, ապա շենքի սեփականատեր ներկայացող Անդրանիկ Խալոյանը տեղյակ է եղել․ - «Ինքը մեր կողքին կանգնած է եղել, բոլոր գնորդներին էլ ճանաչել ա: Եթե համաձայն չէր էդ առքուվաճառքի հետ, թող մի օր գնար դատարան, բողոքեր»:

Շինարարության մեկնարկից ի վեր երեք անգամ փոխվել է շենքի հասցեն։ Բնակիչները դրա տակ միտում են տեսնում։ Նրանց հետ առքուվաճառքի պայմանագրերը կնքվել են Սարյան 19-21 հասցեով, այսօր արդեն այդ շենքի հասցեն Պուշկինի 51/1 է:

Այսօր բնակիչներն այդպես էլ չկարողացան միջամտել շենքի մուտքն արգելափակելու գործողություններին։ Նրանց դեմ դուրս եկած սեփականատերը նշեց, թե մոտ 10 օրից առանձին բնակարանների համար սեփականության վկայականներ կստանա կադաստրից։ Ասաց՝ դրանցից յուրաքանչյուրի շուրջ պատրաստ է երկխոսության գնալ բնակիչների հետ:

Վերջիններս, սակայն, համոզված են, որ Խալոյանի հետ բանակցություններից իրենք չեն շահի։ Մի քանի անգամ փորձել են, բայց Խալոյանի առաջարկներից գոհ չեն մնացել․ նա պահանջել է գրեթե կրկնակի ավելացնել նախկինում վճարած առանց այն էլ մեծ գումարները։

Խճճված իրավիճակից դուրս գալու համար բնակիչներն են պատրաստվում դատի տալ սեփականատիրոջը: Խալոյանն էլ սպառնում է, թե ինքը դատարան կդիմի՝ առանց սեփականության իրավունքի շենքի մյուս կեսում արդեն բնակություն հաստատած ընտանիքներին վտարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG