Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովը քննադատում է Թուրքիային


Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում Եվրոպական հանձնաժողովը գնահատել է. հայկական պատրիարքարանի նպատակը՝ համալսարանում բացել հայերենի և հայկական եկեղեցական հաստատությունների համար սպասավորներ պատրաստող բաժին, տարիներով մնում է չիրագործված:

Զեկույցում նշված է՝ 2015 թվականի ապրիլին, 1915 թվականի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ, վարչապետը կրկին ցավակցություն էր հայտնել զոհերի ժառանգներին: Այս դիտարկումը զեկույցի հեղինակները շարունակել են փաստարկով. - «Թուրք պաշտոնյաները պարբերաբար խստորեն են արձագանքել, երբ այդ իրադարձությունները ճանաչվել են ցեղասպանություն»:

Եվրոպական հանձնաժողովը պետական պաշտոնյաների վերաբերմունքով է պայմանավորում նաև Թուրքիայում 2007 թվականին հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի դանդաղ ընթացքը: Զեկույցում նաև նշված է, որ Հայաստանի հետ 2009-ին ստորագրած արձանագրությունները Թուրքիան դեռ չի վավերացրել:

Եվրոպական հանձնաժողովն ամփոփել է Թուրքիայում առհասարակ քրիստոնյաների և հրեաների նկատմամբ քրեորեն հետապնդելի և ատելություն սերմանող գործունեության վերաբերյալ տեղեկությունները: Զեկույցում անդրադարձ կա եկեղեցիները մզկիթի վերածելու հնարավորության շուրջ ծայր առած բանավեճին, հունական եկեղեցին բացելու անտեսված կոչերին:

Եվրոպական հանձնաժողովը լայնորեն անդրադարձ է կատարել նաև խոսքի ազատությանը, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններին: Ոստիկանությունում շարունակվող նախաքննության շրջանակներում լրագրողների կալանքին անդրադառնալով՝ զեկույցում հղում կա նաև ԵԱՀԿ-ի վկայաբերած տվյալներին, ըստ որոնց՝ Թուրքիայում բանտարկված լրագրողների թիվը հասել է 20-ի: Ըստ զեկույցի, բանտարկությունների, մեղադրանքների, խոսքի ազատության սահմանափակման դեպքերն ահագնացնում են իշխանությունների ճնշումները լրատվամիջոցների վրա: Եվրոպական հանձնաժողովը նաև նկատել է, որ այդ ճնշումները կիրառվում են ոչ միայն լրագրողների, այլև՝ գրողների և սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ:

«Սա ունի շատ բացասական ազդեցություն խոսքի ազատության վրա և նպաստում է լրատվամիջոցների և այլոց ինքնագրաքննության մթնոլորտի ստեղծմանը», - ասված է զեկույցում, որի հեղինակները գնահատել են նաև Թուրքիայի դատական համակարգի անկախության աստիճանը՝ եզրակացնելով. - «Դատավորներն ու դատախազները քաղաքական խիստ ճնշման տակ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG