Մատչելիության հղումներ

Վրաստանում մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է վերահսկել երկրի ինտերնետ ոլորտը


«Վիմպելկոմ»-ի տնօրինության տակ կարող է անցնել Եվրոպան Ասիային կապող օպտիկամանրաթելային մալուխը, ինչը Ռուսաստանին հնարավորություն կտա վերահսկել բոլոր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները:

Ըստ Վրաստանի լրատվամիջոցների՝ ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը ցանկանում է մտնել վրացական շուկա, և արդեն մեկնաբանություններ կան, որ այդպիսով Ռուսաստանը կարող է վերահսկել Վրաստանի ինտերնետ ոլորտը:

«Վիմպելկոմ»-ը դեռևս պաշտոնապես չի դիմել Վրաստանի հաղորդակցության ոլորտը կարգավորող հանձնաժողով վրացական «Կավկասուս օնլայն» ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու համար, սակայն ընկերության հիմնադիր Մամիա Սանադիրաձեն «Ռեզոնանս» թերթի հարցազրույցում հաստատել է, որ ռուսական ընկերությունը ցանկանում է գնել «Կավկասուս օնլայն»-ը:

«Վիմպելկոմ»-ի կենտրոնակայանից ձեռնպահ են մնացել որևէ տեղեկատվություն տալուց, հրաժարվել են մեկնաբանել այս լուրը:

«Կավկասուս օնլայն»-ի հիմնադիրը նշել է, որ գործարքը կայանալու դեպքում ռուսական ընկերության տնօրինության տակ կանցնի Եվրոպան Ասիային կապող օպտիկամանրաթելային մալուխը, ինչը Ռուսաստանին հնարավորություն կտա վերահսկել բոլոր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: Խոսքը 1200 կիլոմետրանոց մալուխի մասին է, որի միջոցով Վրաստանը ինտերնետային կապ է ստանում Եվրոպայից ու վաճառում նաև Հայաստանին ու Ադրբեջանին: Սև ծովի հատակով այս կապը ստեղծվել է 2008 թվականին:

Այս կապի օգնությամբ «Կավկասուս օնլայն»-ը ապահովում է Հայաստանի ինտերնետ կապի մատակարարման 85 տոկոսը, Ադրբեջանի կապի 50 տոկոսը և 55 տոկոսը սեփական երկրի՝ Վրաստանի համար:

«Գրուզիա օնլայն»-ը հիշեցնում է, որ դեռևս 2007-ին, երբ նոր սկսվել էին օպտիկամանրաթելային մալուխը Սև ծովի հատակով անցկացնելու աշխատանքները, Ադրբեջանը ցանկանում էր այն ձեռք բերել:

Մամիա Սանադիրաձեն ասել է, որ եթե «Վիմպելկոմ»-ը գնի «Կավկասուս օնլայն»-ը, Ռուսաստանի տնօրինության տակ կանցնի ամենախոշոր և կարևոր ուղին, ու Ռուսաստանը կարող է վերահսկել երկիր մտնող զանգերն ու հաղորդագրությունները: «Կավկասուս օնլայն»-ում դեռ մնում են գաղտնալսման սարքավորումները, որոնք տեղադրվել են իմ հեռանալուց հետո, իսկ դա թույլ կտա շարունակել գաղտնալսումները»,- ասել է Մամիա Սանադիրաձեն:

Ըստ «Ռեզոնանս»-ի աղբյուրների՝ առաջիկա օրերին «Վիմպելկոմ»-ն ու «Կավկասուս օնլայն»-ը դիմելու են կարգավորիչ հանձնաժողով գործարքն իրականացնելու դիմումով:

«Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ ռուսական կապիտալը Վրաստանի էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, հանքարդյունաբերության, հանքային ջրերի, բջջային կապի ոլորտներից հետո կարող է հայտնվել նաև ինտերնետ ոլորտում:

«Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտ»-ը ուսումնասիրություն է անցկացրել և ներկայացրել է 2015 թվականի դրությամբ Վրաստանում ռուսական կապիտալի տնօրինած կամ դրա մասնակցությամբ խոշոր բիզնեսները:

Ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն, որի բաժնետերերը Ռուսաստանի պետական ընկերություններ են, տնօրինում է վրացական բաշխիչ էլեկտրացանցերի «Թելասի» ընկերությունը, Մտկվարիի ջերմակայանը, երկու հիդրոկայան Խրամ գետի վրա: Ռուս-վրացական համատեղ «ԳրուզՌուսԷներգո» ընկերությունը կառավարում է էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգը: Ըստ ուսումնասիրության՝ Ռուսաստանի քաղաքացիներին են պատկանում Վրաստանի ևս յոթ հիդրոկայաններ, ինչպես նաև Թբիլիսիի, Մցխեթայի և Ռուսթավիի ջրամատակարարման Georgian Water & Power ընկերությունը, «ՎՏԲ բանկ Գրուզիա»-ն, Վրաստանում գործող նավթային ընկերություններ, թանկարժեք քարերի արդյունահանման RMG ընկերությունը, էլեկտրագնացքներ արտադրող ձեռնարկությունը և հանքային ջրի հայտի «Բորժոմի»-ն:

«Հասարակական նախաձեռնություն» կազմակերպության տվյալներով՝ ռուսական գումարներ կան նաև Վրաստանի ոչ կառավարական հաստատություններում: Ռուսամետ ոչ կառավարական կազմակերպությունները և դրանց պատկանող լրատվամիջոցները Վրաստանում ռուսական ակտիվ քարոզչություն են իրականացնում: Ուսումնասիրությունում նշված են «Եվրասիական միություն», «Եվրասիական ինստիտուտ», «Եվրասիական ընտրություն» կազմակերպությունները, Գորչակովի հիմնադրամը և «Սպուտնիկ» ռադիոկայանը: Վրաստանում բջջային կապի օպերատորներից է «Վիմպելկոմ»-ի խմբում ընդգրկված «Բիլայն»-ը, որը վրացական շուկա է մտել 2007-ից: Հաղորդակցությունների ազգային հանձնաժովի տվյալներով՝ 2015-ի սեպտեմբերի դրությամբ Վրաստանի բջջային կապի բաժանորդների 24 տոկոսը բաժին է ընկնում ռուսական «Բիլայն»-ին պատկանող «Մոբիտել» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG