Վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, երկուշաբթի օրը Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարմությունը:
Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների ավանդաբար ջերմ հարաբերությունների համար բարդ ժամանակահատվածում, երբ դրանք լարվել էին Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների պատճառով:
Մամուլի համար իր հայտարարություններում ԱՄՆ-ի նախագահը Իրանի հարցով Իսրայելի հետ տարաձայնություններն անվանել է «մասնավոր հարց»: «Մենք տարակարծություններ չունենք այն հարցում, որ Իրանը չպետք է միջուկային գերտերություն դառնա»,- ասել է Օբաման:
Չնայած Իսրայելի և պաղեստինցիների միջև սկիզբ առած բռնությունների նոր ալիքին՝ Օբաման և Նեթանյահուն հույս են հայտնել, որ երկխոսությունը կշարունակվի, ինչպես նաև գործնական քայլեր կձեռնարկվեն, որոնք կարող են արագորեն նվազեցնել պաղեստինա-իսրայելական ընդհարումների ալիքը:
Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ևս 10 տարով երկարաձգման հեռանկարները, ինչը կարող է մեծացնել հրեական պետությանը հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ծավալները: