Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան․ Հիմք չկա ենթադրելու, Սերժ Սարգսյանը Հանրապետականի նախագահ չի լինելու


Միաժամանակ, հանրապետական պատգամավորը վերահաստատում է, որ նախագահը «որևէ առանցքային պաշտոն ստանձնելու հավակնություն չունի»:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարն է, և որևէ հիմք չկա ենթադրելու կամ կարծելու, որ Հանրապետական կուսակցության նախագահ չի լինելու, «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում երեկ հայտարարեց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճի ժամանակ Սահակյանը, մասնավորապես, ասաց․ - «Կապված Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալու հետ և պաշտոնավարելու՝ գիտեք, Սերժ Սարգսյանը Հայաստանը Հանրապետության քաղաքացի է, Սերժ Սարգսյանը մեր երկրի անկախության օրվանից մինչ այսօր թե՛ Արցախյան հերոսամարտում, թե՛ անկախությունը կերտելու և ընդհանրապես՝ պետականության ձևավորման գործընթացում բավականին մեծ դերակատարում ունեցող անձնավորություն է, և չեմ կարծում, որ որևէ խնդիր է կամ ինչ-որ մեծ մտածելու տեղիք է տալիս, թե ինչով է նա զբաղվելու»:

Զուրաբյանի հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, Հանրապետական կուսակցության ղեկավարը լինելո՞ւ է, թե՞ չէ, Սահակյանն արձագանքեց․ - «Բայց այսօր էլ Հանրապետական կուսակցության ղեկավարն է, և որևէ հիմք չկա ենթադրելու կամ կարծելու, որ Հանրապետական կուսակցության նախագահ չի լինելու»:

ՀԱԿ խմբակցությանը ղեկավարը հիշեցրեց ՀՀԿ-ի ղեկավար անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերն այն մասին, որ կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում, որին առաջարկվում է անցնել դեկտեմբերի 6-ի հանրաքվեին դրվող սահմանադրական փոփոխություններով, վարչապետ դառնում է պառլամենտական մեծամասնությունը ներկայացնող կուսակցության լիդերը:

«Բազմիցս մենք նշել ենք, հրապարակային նաև Սերժ Սարգսյանը, որպես երկրի նախագահ, նշել է, որ որևէ առանցքային պաշտոն ստանձնելու հավակնություն չունի», - վերահաստատեց Հովհաննես Սահակյանը:

XS
SM
MD
LG