Սահմանադրական փոփոխությունների կողմնակից ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները վաղաժամ են համարում խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով առավելագույն ձայներ հավաքած ուժի հետ կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները :
Համաձայնելով ՀՀԿ ղեկավար անդամ Դավիթ Հարությունյանի երեկ հնչեցրած այն կարծիքին, թե սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո որևէ կուսակցության չի հաջողվի մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը նաև քիչ իրատեսական համարեց երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը:
Ազատության հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ առավել շատ քվեներ հավաքած կուսակցության հետ, Զոհրաբյանը պատասխանեց՝ կանախտեսումներով չի զբաղվում:
«Երբ որ կլինեն 2017թ․ խորհրդարանական ընտրությունները, կտեսնենք, թե ինչ արդյունքներ, քաղաքական ինչ պատկեր կունենանք, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի քննարկել ցանկացած հարց: Այս պահին խոսել ապագա կոալիցիաների, խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, կարծում եմ, լուրջ չէ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ, վկայակոչելով վերջին տարիների փորձը, հիշեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ուժի երբևէ չի հաջողվել հավաքել 50+1 ձայն: Ըստ նրա, բացառություն չեն լինի նաև 2017-ի ընտրությունները: Իսկ հավանական համագործակցության հարցը ՀՅԴ-ն կքննարկի միայն այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե որ ուժին է հաջողվել ստանալ առավել թվով ձայներ:
Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող ՀԱԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի պնդմամբ, խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն չձևավորած կուսակցությունը երկրորդ անգամ քվերակության գնալով՝ բացարձակ մեծամասնություն է ստանալու:
«Պառլամենտարիզմի սկզբունքի խախտումը հենց այստեղ է: Ժողովուրդը իրեն ձայն չի տվել, տվել է 13 տոկոսի քվոտա, ինքը երկրորդ անգամ քվեարկվելով՝ արդեն հնարավորություն է ունենում ստանալ ավելի շատ, քան ուներ»,- պարզաբանեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, իրենց կուսակցությունում առհասարակ չի քննարկվում որևէ ուժի հետ կոոալիցիա կազմելու հեռանկարը: «Եթե անգամ ՀԱԿ-ը հաղթի և գնա երկրորդ քվեարկության, ես դրան դեմ եմ, համակարգն է սխալ»,- ասաց Մանուկյանը:
Իսկ «Ժառանգությունում» ավելի քան վստահ են, որ ՀՀԿ-ի օրակարգում երբեք էլ չի եղել մեծամասնություն ձևավորելու հարցը: «Ազատության» հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմելու խաղի կանոններն արդեն իսկ մշակել է:
«Նախօրոք իրենց կոալիցիոն գործընկերնին կասեն՝ եթե ցանկանում եք այս համամասնությամբ՝ այսքան տոկոս հանրապետականին, այսքանը՝ ձեզ, այսքանը՝ մյուսին, այս համամասնությամբ դուք խորհրդարանում կհայտնվեք և կլինեք կոալիցիայի անդամ: Բայց իհարկե՝ հանրապետական կուսակցության, այսպես ասեմ, վերահսկողության և ծրագրերի ներքո: Հանրապետական կուսակցության խաչը կընդունեն՝ կմտնեն կոալիցիա, չեն ընդունի՝ կգնան երկրորդ փուլ, էդ դեպքում լրիվ ցտեսություն»,- ասաց Մարտիրոսյանը:
«Սահմանադրությունը հենց այն հենքն է, որն ապահովելու է երկրում խաղաղ իշխանափոխություն»,- երեկ հայտարարել էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում ևս հավանական են համարում խաղաղ իշխանափոխությունը՝ վստահություն հայտնելով, որ ընդդիմությունն առնվազն լծակներ կունենա իշխանությանը վերահսկելու համար:
Մինչդեռ ՀԱԿ-ում համոզված են՝ «խաղաղ իշխանափոխություն» արտահայտությունը զուտ քողարկում է, «փափուկ բարձ՝ ժողովրդի գլխի տակ դնելու համար»: Արամ Մանուկյանի պնդմամբ, ՀՀԿ-ում այսօր պատրաստ են «ցանկացած երգը երգել»՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար:
«Ինչ կապ ունի թուղթը, ինչ կապ ունի Սահմանադրությունը: Նույն Դավիթ Հարությունյանը 1995թ․ Սահմանադրությունն ա գովերգել և մասնակցել, նույն 2005թ․ Սահմանադրությունն ա գովերգել ու մասնակացել և էս մեկը: Հիմա եթե Սերժ Սարգսյանը հանկարծ որոշի, որ կիսանախագահականը մեր երկրի համար լավ է, վստահ եղեք, որ հինգ րոպե հետո Դավիթ Հարությունյանը հարյուր հատ արգումենտ կբերի, որ կիսանախագահականը լավագույն տարբերակն է Հայաստանի համար: Այսինքն՝ ես չեմ ընդունում, մերժում եմ, ժողովուրդը զզվում ա էն քաղաքական գործիչներից, որոնք էդ պահին էդ իշխանության երգն են երգում»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը: