Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները Պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ, ասված է հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունն ընդգծում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: