Մատչելիության հղումներ

Աղավնաձորցիները պատժվել են կառավարությանն ու գինեգործական ընկերություններին քննադատելու համար


Աղավնաձորցիները պնդում են, թե պատժվել են կառավարությանն ու գինեգործական ընկերություններին քննադատելու, խաղող մթերելիս առաջացած խոչընդոտների մասին խոսելու համար։

«Ազատության»-ը տված քննադատական հարցազրույցից հետո աղավնաձորցի Լևոն Այվազյանի առաջ գինու գործարանների դռները փակվել են։ Այվազյանի՝ գործարան հասցրած բերքն ընդունել են գյուղապետի և մարզպետի միջամտությունից հետո միայն։

«Վառոտները չբացեցին, որ մտնեմ ներս, ասացին՝ սենց բան ես խոսացել ու մեզ հրաման են տվել, որ «Գետափ» գործարան չմտնես, զանգեցի տնօրենին, տնօրենն էլ ջղային ձևով ասաց, որ դու գործարան չմտնես, խաղողն էլ չնայեցին, քանի որ խոսացել ես «Ազատություն»-ով, սենց բան ես ասել, դրա համար...»,- պատմեց Այվազյանը։

Այվազյանի համագյուղացին՝ Հայկազ Ասատրյանը, ով ևս խիստ քննադատության էր ենթարկել ոլորտի պատասխանատուներին, ասում է՝ ինքն էլ մշտապես լռելու հորդորներ է ստանում համագյուղացիներից։

«Ասում են՝ Հայկազ, լռի՛ր, բա քո ընտանիքի համար չես վախենո՞ւմ։ Հիմա էլ լռե՞մ։ Չե՛մ լռի։ Ասում են՝ դրա վերջը վատ ա լինելու, ոչ միայն քեզ համար, այլև համագյուղացիների համար»։

Օրեր առաջ գործարաններ խաղող բերած գյուղացիներից ոմանք հրաժարվում էին մեզ հարցազրույց տալ՝ մտավախություն հայտնելով, թե բերքն իրացնելու լուրջ խնդիրներ կունենան։ «Հենց գռուզը թափենք, պրծնենք, կխոսանք»։

Գինեգործներն այս տարի խաղողն ընդունելիս պայմանագրերում չեն արձանագրել՝ երբ են պատրաստվում գյուղացուն վճարել, ասում են՝ պարտքը կմարեն, երբ գումար ունենան։

Մինչդեռ Գետափի գինու գործարանի գլխավոր գինեգործ Էմիլ Մանուկյանը հերքում է, թե իշխանություններին ու գինեգործներին քննադատող գյուղացիների նկատմամբ տարբերակված մոտեցում են ունեցել։ Պնդում է՝ խաղողը չեն ընդունել վատ որակի պատճառով։

«Այ քո ցավը տանեմ, մենք մինչև հիմա մթերում ենք խաղող, սպասում ենք, թե գյուղացիները երբ իրենց խաղողը կբերեն, կհանձնեն։ Մենք դեռ մեր դռները բաց ենք թողել՝ անձամբ մեր քննադատողների առաջ։ Մեզ ոչ ոք չի քննադատել, ուղղակի բողոքել են, որ խաղողը չի մթերվում։ Բայց ոչ թե չի մթերվում, այլ արագ չի մթերվում»,- ասաց Մանուկյանը։

Ավագ Հարությունյանը և՛ խաղողի սեփական այգիներ ունի, և՛ գինու արտադրամաս, նաև սեփական ուժերով արտադրանքը վաճառում և արտահանում է։ Ասում է, որ այս տարի գյուղացիներն ու գինեգործները հայտնվել էին բարիկադների տարբեր կողմերում, բայց մի տարբերությամբ. - «Մենք գործ ունենք մի շուկայի հետ, մեկը գնում է, մյուսը վաճառում է, բայց մենք գործ ունենք անհավասար մրցակցության հետ։ Գնորդը հզոր է, ուժեղ է, հարուստ է, վաճառողը աղքատ է, թույլ է։ Գնորդի հետևում կանգնած են բոլոր հնարավոր և անհնար մեխանիզմները՝ նրա շահեր պաշտպանելու, վաճառողի հետևում, որ պետք է պետությունը կանգներ, չի կանգնել»։

XS
SM
MD
LG