Միջազգային դիտորդական կազմակերպությունները պնդում են` Թուրքիայում կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ուղեկցվել են մի շարք լուրջ թերություններով: «Խոսքը նախևառաջ ընդդիմադիր կուսակցությունների համար քարոզարշավի ընթացքում անհավասար պայմաններ ստեղծելու մասին է», - երեկ երեկոյան Անկարայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում էին ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները:
«Ցավոք սրտի, մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ քարոզարշավն արդար մթնոլորտում չի ընթացել: Այս քարոզարշավին բնորոշ էր բռնության և վախի բարձր մակարդակը: Հայտնի է, որ վախը ժողովրդավարության և ազատ ընտրության գլխավոր թշնամին է», - հայտարարում էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Անդրեաս Գրոսը:
ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի խոսքով էլ` «տարբեր լրատվական աղբյուրներն ընտրելու արագորեն նվազող հնարավորությունը, ինչպես նաև ազատ խոսքի սահմանափակումները ընդհանուր առմամբ ազդել են [ընտրությունների] գործընթացի վրա և շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ»:
«Անվտանգության ապահովման ասպարեզում առկա խնդրահարույց մթնոլորտը` մասնավորաբար երկրի հարավ-արևելքում կուսակցությունների անդամների, քարոզչական շտաբերի, կուսակցական գրասենյակների վրա արձանագրված հարձակումները մասնակիցների համար լուրջ խոչընդոտ էին բնականոն քարոզարշավ վարելու ճանապարհին», - հայտարարում էր Իգնասիո Սանչեսը:
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետ Սեդերֆելտը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ճնշումների հիմնական թիրախը քուրդ քաղաքական գործիչներն էին:
«Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամների դեմ հարձակումները, նրանց ձերբակալությունները լրջորեն սահմանափակեցին քաղաքական այս ուժի` քարոզարշավ վարելու կարողությունը», - նշում էր Սեդերֆելտը:
Թուրքական ընտրություններին ուղղված քննադատություն հնչում է նաև Միացյալ Նահանգներից: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը երեկ ուշ երեկոյան հայտարարեց, որ «Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված է քարոզարշավի ընթացքում կառավարության հասցեին քննադատաբար տրամադրված լրագրողների ահաբեկման, նրանց նկատմամբ կիրառված ճնշումների փաստով»:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն ևս խոսում էր քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների դեմ կառավարության կողմից սանձազերծված արշավի և դրան հետևած սահմանափակումների մասին:
«Մենք վերահաստատում ենք մեր մտահոգությունն առ այն, որ կառավարությանը քննադատող լրագրողները և լրատվամիջոցները քարոզարաշվի ընթացքում դարձան ահաբեկման և ճնշումների թիրախ: Նման գործողությունների նպատակը կարծես թե քաղաքական ընդդիմության դիրքերի թուլացումն էր: Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին գործել երկրի Սահմանադրությունում ամրագրված ժողովրդավարական արժեքներին համապատասխան», - հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ հատուկ ընդգծելով, որ չնայած առկա խնդիրներին՝ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատելու է Թուրքիայի ապագա միակուսակցական կառավարության հետ:
«Որպես բարեկամ պետություն և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում գործող դաշնակից՝ մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ քաղաքական, անվտանգության և տնտեսական ընդհանուր օրակարգերի շուրջ սերտ համագործակցություն ծավալելու պարտավորությանը», - հայտարարում էր Պետքարտուղարության ներկայացուցիչը: