Մատչելիության հղումներ

Վալենտինա Մատվիենկոն կարծում է՝ Տիգրան Սարգսյանը «նոր լիցք կհաղորդի» ԵՏՄ-ին


Գալուստ Սահակյան, Վալենտինա Մատվիենկո
Գալուստ Սահակյան, Վալենտինա Մատվիենկո

Երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր Ազգային ժողովում կարճատև ասուլիսի ընթացքում խոսեց Եվրասիական տնտեսական միության գրանցած ձեռքբերումների մասին՝ պնդելով, թե չնայած տնտեսական դժվարություններին, առաջընթացը բացահայտ է։

«Մենք տեսնում ենք ակնառու առաջընթաց տնտեսական համագործակցությունում, առևտրային կապերում, ներդրումային համագործակցության ոլորտում։ Եկող տարվա հունվարից Հայաստանը կստանձնի Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը։ Հայկական կողմը առաջարկել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ով շատ փորձառու մարդ է, մեկը, ով կանգնած է եղել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման ակունքներում։ Դրա համար էլ կարծում եմ, որ նա նոր լիցք կհաղորդի ինտեգրացիոն գործընթացում հարաբերությունների խորացմանը և Հայաստանի դերի մեծացմանը»,- ասաց Մատվիենկոն։

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը անդրադարձել է նաև ղարաբաղյան հարցին՝ նկատելով, որ այն հետխորհրդային տարածքում ամենաերկարատև հակամարտությունն է։

«Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերն է գործադրում Մինսկի խմբի շրջանակներում, և երկկողմ և բազմակողմ հարթակներում։ Ցավոք, կարգավորման որոշումը ձգձգվում է, բայց մենք վստահ ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով»,- ասաց ռուս պաշտոնյան։

Ասուլիսին Մատվիենկոն ներքաղաքական հարցերի չանդրադարձավ, թեև ավելի վաղ փակ դռների ետևում հանդիպել էր խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին՝ անդրադառնալով նաև սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին։

«Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպումից մանրամասներ փոխանցեց՝ նշելով, որ ինքը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր ՀԱԿ-ի դիրքորոշումը.- «Նաև կատակով ասացի՝ լավ, չեք կարողանո՞ւմ մի հատ լավ խորհուրդ տալ ձեր ընկերներին, որ նույնքան խնայողաբար մոտենան Սահմանադրությանը, ինչպես դուք եք մոտենում ձեր Սահմանադրությանը»։

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Մատվիենկոն արձագանքել է, որ Հայաստանի ժողովուրդը կորոշի՝ փոխել, թե չփոխել Սահմանադրությունը, և ռուսական կողմը այդ հարցում ոչ մի դիրքորոշում չունի։

«Եվ դա շատ լավ է։ Ես գիտեմ, որ իշխանությունները շատ ուզում էին նրանցից աջակցություն ստանալ այդ ռեֆորմում, բայց չեն ստացել»,- ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG