Մատչելիության հղումներ

Քրգործի մասին տեղեկություն տրամադրելու՝ ԱՄՆ դեսպանատան խնդրանքից հետո գործը կարճվել է


Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը, սակայն, չի կարծում, թե դեսպանատան դիմումը և գործը կարճելու որոշումը փոխկապակցված են։

Քննչական կոմիտեն կրկին կարճել է Բաղրամյան պողոտայի ցուցարարների դեմ շաբաթներ առաջ վերաբացված քրեական գործը։ Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի կառավարությունից տեղեկություն էր խնդրել ցուցարարների դեմ վերաբացված քրեական գործի վերաբերյալ և, «Հայկական Ժամանակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշել, որ թափանցիկ քննություն են ակնկալում։

Թե ինչ հիմքով է գործը կրկին կարճվել, դեռևս հայտնի չէ: Առայժմ հաղորդվում է միայն, որ գործը դեռ երկու օր առաջ է կարճվել։ Ընդ որում, ամիսներ առաջ քննչական կոմիտեն մեկ անգամ արդեն կարճել էր նույն գործը, բայց գլխավոր դատախազությունը վերջերս նախաքննությունը շարունակելու ցուցում էր տվել։

Մի խումբ ցուցարարների դեմ խուլիգանության հոդվածով հարուցված գործով անցնում էր նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։ Ակտիվիստը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով, գործը դարձյալ կարճելու՝ իշխանությունների որոշման վրա ազդել է արևմուտքի արձագանքը։

«Էս դեպքում իրենք չունեին որևէ փաստ, որը կարող էին ներկայացնել դեսպանատանը, իսկ շինծու փաստեր ներկայացնելու դեպքում պարզապես խայտառակ կլինեին: Իրենք նախընտրեցին, իրենց պատկերացմամբ, ավելի քիչ խայտառակությունը՝ հերթական անգամ գործը կասեցնելը»,- ասում է Մաքսիմ Սարգսյանը:

Նրա խոսքով, այս որոշումը ցույց է տալիս, թե «ինչ խայտառակ վիճակում է Հայաստանում արդարադատության համակարգը»։ Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ է վստահ, որ գործը կարճելու որոշումը կայացվեց ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հետո։

«Փորձում են հիմա հոգեբանական ճնշում գործադրել այն մարդկանց վրա, ովքեր պատրաստ են հրապարակում, փողոցներում պայքարել իրենց իրավունքների համար»,- ասաց Զուրաբյանը:

Իշխող Հանրապետական կուսակցությունում, մինչդեռ, այլ կարծիքի են: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե չի կարծում, որ դեսպանատան հայտարարությունը և գործը կարճելու որոշումը միմյանց հետ առնչություն ունեն։

«Ես չեմ կարծում, որովհետև օրենքը որևէ մեկին իրավունք չունի կաշկանդելու և որևէ դիմում օրենքին իրավունք չունի կաշկանդելու»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ԱՄՆ դեսպանատան խնդրանքին նորմալ է վերաբերվում, իսկ ինչ վերաբերում է արդար քննություն իրականացնելու կոչին, նշում է, որ Հայաստանում օրենքի առջև բոլորը հավասար են։ Բաղդասարյանի կարծիքով, դեսպանատունն այս քայլին գնացել է ինչ-որ մարդկանց խնդրանքից հետո: Թե կոնկրետ ում ՝ չմանրամասնեց։

«Ինձ հետաքրքիր է, թե ինչու հենց այդ մարդիկ, ինչ կապ ունեն իրար հետ, որ դիմել են դեսպանատուն․․․»,- տարակուսում է Վահրամ Բաղդասարյանը:

Բաղրամյանի ցույցերին մասնակցած ակտիվիստները, մինչդեռ, գործի կարճմամբ չեն բավարարվելու։ Մաքսիմ Սարգսյանը հիշեցրեց, որ արդեն մի քանի ամիս է՝ ցուցարարների և լրագրողների հանդեպ ոստիկանների գործադրած բռնությունների գործով որևէ նորություն չկա։

«Որևէ բան չեն անում, որպեսզի ոստիկաններն իրենց [թիկունքում] մեջք զգան և շարունակեն անել էն, ինչ որ իրենց կասեն»,- ասում է ակտիվիստը:

Ի դեպ, 4 ամիս առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից գործադրված բռնության փաստի հետ կապված «Ազատությունը» օրերս հարց էր ուղղել հատուկ քննչական ծառայության պետին: Ի պատասխան, Վահրամ Շահինյանը նշեց, թե գործը դեռ քննվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG