Մատչելիության հղումներ

Վանաձորում տեղի ունեցավ «Տեր կանգնիր քվեիդ» նախաձեռնության հանրահավաքը


«Ոչ»-ի կարգախոսների ներքո անցած այս հանրահավաքի նախաձեռնողները քաղաքացիներին կոչ են անում մասնակցել հանրաքվեին և մերժել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները:

Այսօր Վանաձորում տեղի ունեցավ «Տեր կանգնիր քվեիդ» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որն անցավ «Ոչ»-ի կարգախոսների ներքո: Հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին Վանաձորի կենտրոնական փողոցներով՝ քաղաքացիներին հորդորելով մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և քվեարկել հօգուտ «Ոչ»-ի:

Երթին մասնակցում էին նաև մեքենաներով ու հեծանիվներով: «Տեր կանգնիր քվեիդ» նախաձեռնության կազմակերպած ակցիային միացել էին նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու է դեմ քվեարկելու:

«Ամենակարևորը՝ դեմ եմ, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի, էստեղ խոսք ա գնում մարդու իրավունքների մասին և այլն, դրանք բոլորը բլեֆներ են, չեմ հիշում որևէ դեպք, որ գործող Սահմանադրությունը խնդիրներ ա առաջացրել»:

Վանաձորի «Արցախ» պուրակում հավաքված քաղաքացիները «Ազատության» հետ զրույցում ասում էին՝ համոզված են, որ սահմանադրական փոփոխություններով իրենց իրավունքները նվազելու են:

«Մի հատ կետ ցույց տվեք, որ էդ գործող Սահմանադրությունում սխալ ա էղել, Սահմանադրությունը նորմալ գնում ա, ինչի՞ հիման վրա են փոխում, որ մի մարդ նստի՞ ղեկավար, հերիք ա էլի», «երկրորդ կետն ասում ա՝ իշխանությունը պատկանում ա ժողովրդին, հիմա պատկանում ա՞»,- դժգոհում էին վանաձորցիները:

Վերջին տասն օրերի ընթացքում նախաձեռնության անդամներն ակտիվորեն իրազեկել են վանաձորցիներին հանրահավաքի մասին, բայց այսօր ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել: Նախաձեռնության անդամ Անդրանիկ Սերգոյանի կարծիքով, բնակիչներից շատերը հիասթափված են և անտարբեր: Ամեն դեպքում, ըստ նրա, նախաձեռնությունը պատրաստվում է իրականացնել իր առջև դրված երեք խնդիրները:

«Առաջինը իրազեկումն է, երկրորդը՝ կոչ անել, որ անպայման մասնակցեն հանրաքվեին և «Ոչ» ասեն, երրորդը՝ մենք փորձելու ենք անել հնարավորը՝ օրենքի շրջանակներում վերահսկողություն իրականացնելու համար, որ քվեարկությունը կայանա հնարավորինս թափանցիկ և օրենքի շրջանակներում»:

Երթն անցավ առանց միջադեպերի: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվանից էլ «Այո»-ի շտաբը Վանաձորում կսկսի քարոզչական հանդիպումները:

XS
SM
MD
LG