Մատչելիության հղումներ

Բեռլինը կշարունակի սատարել ղարաբաղյան կարգավորման միջնորդական ջանքերին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ով Երևան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական և ռազմաքաղաքական, համագործակցության, միջխորհրդարանական կապերի և կայուն զարգացմանը նպաստող ծրագրերի բարձր մակարդակը:

Կարեն Նազարյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ու իրականացվող վտանգավոր սադրանքները՝ ընդգծելով, որ Բաքվի ղեկավար պաշտոնյաները չեն դադարեցնում սպառնալիքների ու ատելության քարոզը, ինչը նպաստավոր պայմաններ չի ստեղծում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի համար:

Անդրեաս Պեշկեն հավաստիացրել է, որ 2016 թվականին Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության ընթացքում Բեռլինը կշարունակի սատարել համանախագահների միջնորդական ջանքերին՝ իր հերթին նույնպես կարևորելով վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետորեն ընթացող քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում և հարթակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG