ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը գնահատել է «սարսափելի»։
«Ես եղել եմ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության խմբի հետ մենք հատեցինք շփման գիծը։ Եթե նախկինում մեզ մոտ հարցեր էին առաջանում, թե որքան վտանգավոր է այս իրավիճակը, ապա իմ փորձով կարող եմ ասել, որ վիճակը շփման գծում սարսափելի է», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ուորլիքը։
Նա նշել է, որ պետք է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ «Մենք պետք է հրատապ լուծում գտնենք խնդրի խաղաղ կարգավորման համար։ Ես իմ գործընկեր միջնորդների հետ եղել եմ անվտանգ վայրում, բայց ԵԱՀԿ երկու ծառայողներ եղել են վտանգի մեջ և սկսել են թաքստոց փնտրել։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։ Նման միջադեպերն անընդունելի են։ Երբ միջադեպը քննարկում էինք ԵԱՀԿ փորձագետների հետ, նրանք ասացին, որ հնարավոր չի եղել ճշտել, թե որ կողմից է կրակը բացվել։ Նրանք մասնագետներ են այդ հարցում: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ նման միջադեպերը համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ անընդունելի են», - ասել է Ուորլիքը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, որին մասնակցել են նաև Մինսկի խմբի համանախագահները, գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: