Մատչելիության հղումներ

Ռուբեն Մարուխյանն իր 80-ամյա հոբելյանի առիթով ընթերցողին նոր գիրք կներկայացնի


Ռուբեն Մարուխյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Ռուբեն Մարուխյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Դա մի 700 էջանոց գիրք է բոլոր այն 25 գրքերից, որոնք ես գրել եմ։ Ընտրել եմ, իմ կարծիքով, լավագույնը», - ասաց Մարուխյանը։

Անվանի գրողներից Ռուբեն Մարուխյանն այս տարի նշում է ծննդյան 80-ամյա հոբելյանը։

Բազմաթիվ պիեսների, գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է Ռուբեն Մարուխյանը։ Երկար տարիներ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում, նաև Հայաստանի հեռուստառադիոընկերությունում, որտեղ մի շարք բեմադրություններ է արել որպես ռեժիսոր։

«Ազատության» հետ զրույցում Մարուխյանն ասաց, որ իր հոբելյանի առիթով ընթերցողին նոր գիրք է ներկայացնելու։ «Առաջիկայում տոնելու եմ իմ 80-ամյակը և հրատարակելու եմ մի գիրք, որը կոչվում է «Ընտրանի»։ Դա մի 700 էջանոց գիրք է բոլոր այն 25 գրքերից, որոնք ես գրել եմ։ Ընտրել եմ, իմ կարծիքով, լավագույնը՝ վիպակներ, պատմվածքներ, դրամատուրգիա, պիեսներ և, իհարկե, բանաստեղծություններ», - ասաց Մարուխյանը։

Գրողը թե՛ հրապարակախոսական հոդվածներում, թե՛ պիեսներում բազմիցս անդրադարձել է հին Երևանի ոչնչացմանը՝ մե՛ր օրերում, մե՛ր աչքի առաջ։

«Երևանը ուրիշ քաղաք էր, բնակեցված էր ուրիշ մարդկանցով։ Մարդիկ, որոնք բոլորն իրար ճանաչում էին։ Օրինակ՝ գնում էինք սիմֆոնիկ համերգի, սիմֆոնիկ համերգին գնում էին միշտ նույն մարդիկ, և Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում նստածներս բոլորս իրար ճանաչում էինք։ Այսօր Երևան քաղաքը օտար քաղաք է, Երևան քաղաքը ճարտարապետական դեմքն է փոխում կամաց-կամաց, փոխում է նաև մարդկային էությունը, մտածողությունը, մենք չենք ճանաչում», - ասաց Մարուխյանը:

«Եկել են նոր մարդիկ, նոր փոխհարաբերություններ, որոնք, իմ կարծիքով, մեր մենթալիտետին, մեր ազգային մտածողությանը, մեր հոգեբանությանը անհարիր են։ Երևան քաղաքում այսքան գեղեցիկ աղջիկներ չկային այն ժամանակ, աղջիկները բոլորն իրենց գեղեցկությունը թաքցնում էին, և մենք ախ էինք քաշում այդ գեղեցկությունը տեսնելու համար, հիմա գեղեցկությունը թափված է փողոցում և իր արժեքը կորցրել է, ոչ ոք չի նայում, ախ չի քաշում, այդպես կորավ Երևան քաղաքի գեղեցկությունը, ափսոս», - նշեց գրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG